2026 թվականի սեպտեմբերին Free Armenian Prisoners-ն առաջին անգամ ամբողջությամբ անգլերենով հրապարակեց Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացությունն ու դատավճիռը՝ փաստաթղթերը հասանելի դարձնելով միջազգային իրավաբանական և ակադեմիական հանրությանը՝ անկախ ուսումնասիրության համար։
Փաստաթղթերի հրապարակումից հետո Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը կոչ արեց իրավաբաններին, գիտնականներին և հետազոտական հաստատություններին գործը դարձնել մանրակրկիտ ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական գնահատման առարկա։
Արձագանքելով այդ կոչին՝ «Փաստինֆո» լրատվական գործակալությունը, միջազգային իրավունքի փորձագետ, ELL PARTNERSHIP-ի հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանի հետ համատեղ, սկսեց «Արդարադատություն» ըստ Ադրբեջանի շարքը, որն ուսումնասիրում է ներկայացված մեղադրանքները, դատարանի հիմնավորումները, ինչպես նաև գործի նյութերում բացահայտված իրավական անհամապատասխանությունները, հակասություններն ու դատավարական խնդիրները։
Free Armenian Prisoners-ը ներկայացնում է այս հոդվածաշարը՝ վերլուծությունները միջազգային ավելի լայն լսարանին հասանելի դարձնելու և Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացված դատավարության մասնագիտական ուսումնասիրությանը նպաստելու նպատակով։
Վերլուծությունները հրապարակվում են մաս-մաս՝ անդրադառնալով առանձին մեղադրանքներին և իրավական նորմերին ու համադրելով ադրբեջանական դատարանների եզրահանգումները գործի նյութերում առկա ապացույցների և իրավական հիմնավորումների հետ։
Մաս 15. Արցախ մեկնելը՝ կառավարման կարգի դեմ հանցագործություն (23 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Արցախ մեկնելը՝ կառավարման կարգի դեմ հանցագործություն. մաս 15
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 318.2 — Ադրբեջանի պաշտպանվող պետական սահմանի ապօրինի հատում խմբով, կազմակերպված խմբով կամ բռնությամբ
Վերագրվող արարք. Արցախ ժամանելը Բերձորի միջանցքով (սեպտեմբեր 2022) և հետագամուտքերն ու ելքերը։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ապացույցն այստեղ ուղղակիորեն հերքում է մեղադրանքը։ Ներկայացված են 27.09.2023-ին առգրավված ՀՀ անձնագրի զննությունը և IAMAS համակարգի տվյալները, ըստ որոնց, Ռուբեն Վարդանյանը երբեք չի հատել Ադրբեջանի սահմանը անցակետերով: «Խմբի» մյուս անդամները նույնականացված չեն, բռնության մասին ապացույց չկա։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 4 տարի ազատազրկում՝ մինչև 5 տարիսանկցիայի սահմաններում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Եռակողմ հայտարարության 6-րդ կետով Բերձորի միջանցքըմնում էր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանն ինքն էր երաշխավորումմիջանցքով մարդկանց և բեռների անվտանգ տեղաշարժը երկու ուղղությամբ։ Այսինքն՝տեղաշարժն ուղղակիորեն թույլատրված էր Ադրբեջանի իսկ պարտավորությամբ։
Ադրբեջանական անցակետն այդ ճանապարհին հայտնվել է միայն 2023 թ. ապրիլի 23-ին՝ Ռուբեն Վարդանյանի մուտքից յոթ ամիս անց։ Հետևաբար 2022 թ. սեպտեմբերին գոյություն չուներ այնանցակետը, որից «դուրս» նա իբր հատել է սահմանը։ Առանձնապես ուշագրավ է IAMAS–ի տվյալիօգտագործումը. այն, որ համակարգում նրա անցումները չկան, ոչ թե ապացուցում է հանցանքը, այլհաստատում է, որ անցակետ չի եղել։ Դատարանն իր իսկ ապացույցից հակառակ եզրակացությունէ անում։
Մաս 14. Ռուբեն Վարդանյանի կողմից պետնախարարի պաշտոնի ընդունումը համարվել է «իշխանության զավթում» (22 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանի կողմից պետնախարարի պաշտոնի ընդունումը համարվել է «իշխանության զավթում». Մաս 14
ՊԵՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 278.1 — Իշխանության բռնի զավթմանը կամ բռնի պահմանը կամ սահմանադրական կարգի բռնի փոփոխմանն ուղղված գործողություններ
Վերագրվող արարք. Պետնախարարի պաշտոնի ընդունումը (04.11.2022–23.02.2023)՝ որպես իշխանության զավթում «Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Բռնության կամ դրա սպառնալիքի վերաբերյալ որևէ ապացույց չի ներկայացվել։ Հիմքում ընկած են միայն Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում Ռուբեն Վարդանյանի նշանակման և ազատման փաստը և Վարդանյանի մինչդատական ցուցմունքը, որտեղ նա նկարագրում է իր գործառույթները՝ որպես տնտեսական և սոցիալական հարցերով զբաղվող պատասխանատուի։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածի պարտադիր տարրը բռնությունն է։ Դատավճիռը ոչ մի բռնի գործողություն չի նկարագրում։ Ռուբեն Վարդանյանն, ըստ էության, նշանակվել է 1991 թվականից գոյություն ունեցող վարչակազմի պաշտոնում։ Եվ այս ամենն այն կարգի պայմաններում, որը սահմանել էր Ադրբեջանի իսկ ստորագրած եռակողմ հայտարարությունը (09.11.2020)։
Ամենաակնհայտ հակասությունն այն է, որ 3,5 ամիս անց նա կամավոր հրաժարական է տվել։ Իշխանությունը «բռնի պահողը» ինքնակամ հեռանում է. այս երկու պնդումը միաժամանակ ճիշտ լինել չեն կարող։ Ստացվում է, որ վարչական նշանակման ընդունումն ու մի քանի ամսվա տնտեսական աշխատանքը որակվել են որպես պետական իշխանության բռնի զավթում՝ 20 տարվա պատժով։
Հոդված 279.3 (279.1 և 279.2 հանված) — Օրենքով չնախատեսված զինված կազմավորումների ստեղծում, դրանց կազմում հարձակումներ՝ մարդկանց մահվան կամ այլ ծանր հետևանքների պատճառմամբ
Վերագրվող արարք. «Մասնակցություն զինված կազմավորումների ստեղծմանը և գործունեությանը, դրանց մատակարարում զենքով, ղեկավարում, ուսուցման և հարձակումների կազմակերպում». վարժանքներ Բադարա գետի մոտ (մայիս–օգոստոս 2023) ։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ծանր հետևանքի՝ մարդկանց մահվան, և կոնկրետ կազմավորման գործողությունների միջև պատճառական կապը հաստատողապացույց չկա։ Հիմքում ընկած են Մ. Գրիգորյանի և Կ. Հայրապետյանի (նրանք տեղահանումից հետո Արցախում մնացած փոքրաթիվ հայերից էին, որոնց Ադրբեջանն օգտագործել է Ռուբեն Վարդանյանի դեմ մտացածին ցուցմունքներ տալու համար-խմբ) ցուցմունքները և «օպերատիվ տեղեկությունները», այդ թվում՝ 70 000 դոլարի զինվորական համազգեստի մասին։ Երկու վկաների դատարանում տված ցուցմունքները տարբերվում են միմյանցից և իրենց իսկ նախաքննական ցուցմունքներից, մինչդեռ նախաքննական գրավոր տարբերակները գրեթե բառացի նույնական են ։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածը կիրառելու համար պետք է լինեն ծանր հետևանքներ՝ մարդկանց մահ, և կապ այդ մահերի ու կոնկրետ կազմավորման գործողությունների միջև։ Դատավճիռն այդ կապը ոչ մի դեպքում չի հաստատում, բայց նշանակում է 20 տարի։ Արցախի Պաշտպանության բանակը գոյություն ուներ 1992 թվականից, ուստի դրա «ստեղծումը» Վարդանյանի կողմից անգամ ժամանակագրորեն անհնար է։
Մաս 13. Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Սինգապուր–Հելսինկի չվերթի օդանավը խլացնելու մեջ (21 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է Սինգապուր–Հելսինկի չվերթի օդանավը խլացնելու մեջ. Մաս 13
ԱՎԻԱՑԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
Հոդված 270-1.2 — Թռիչքի ընթացքում օդանավին կեղծ տեղեկատվության փոխանցում կամ օդանավիգացիոն սարքավորումների աշխատանքին միջամտություն
Վերագրվող արարք. Քաղաքացիական չվերթների ռադիոէլեկտրոնային խլացում «Поле-21», «Репеллент-1», «Мортира» համալիրներով։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանի և ՌԷՊ համալիրների շահագործման միջև կապ հաստատող ապացույց չկա։ Ներկայացված են կայանների կոորդինատները և խլացված չվերթների ցանկը (օրինակ՝ 31.05.2022, 08.07.2022, 11.08.2022)։ Այս արարքի հետ կապված մեղադրանքի էջերում Վարդանյանի անունը հանդիպում է մեկ անգամ՝ «Ռուբեն Վարդանյանի և այլոց անմիջական ղեկավարությամբ» ընդհանուր բանաձևում, առանց որևէ կոնկրետ գործողության նկարագրության։
Սահմանված պատիժ. Պատիժ չի նշանակվել՝ վաղեմության ժամկետի ավարտի պատճառով։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ռադիոէլեկտրոնային համալիրները Պաշտպանության բանակի ռազմական տեխնիկա են, և դատավճիռը Վարդանյանի ու դրանց շահագործման միջև որևէ կապ չի ցույց տալիս՝ բացի մեկ ընդհանուր բանաձևից՝ «Ռուբեն Վարդանյանի և այլոց անմիջական ղեկավարությամբ»։
Ժամանակագրությունն այստեղ ամեն ինչ ասում է. դատարանի նշած չվերթները թվագրված են 2022 թ. մայիսի 31-ով, հուլիսի 8-ով և օգոստոսի 11-ով, այսինքն՝ ամբողջությամբ նախորդում են Ռուբեն Վարդանյանի տեղափոխությանը Արցախ։
Իսկ ապացույցի «հավաստիությունը» ցույց է տալիս մի կարևոր մանրուք. ըստ դատավճռի, Սինգապուր–Հելսինկի չվերթի խլացումը «սկսվել է 02:09-ին և ավարտվել 01:28-ին», այսինքն՝ ավարտվել է 41 րոպե ավելի շուտ, քան սկսվել է։
Հոդված 270-1.4 — Շահագործման մեջ գտնվող օդանավի դիտավորյալ ոչնչացում կամ վնասում
Վերագրվող արարք. ԱԹՍ-ների և ՌԷՊ համակարգերի ձեռքբերման պլանավորում՝ որպես օդանավերի անվտանգությանը սպառնացող գործողություն։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ոչնչացված կամ վնասված որևէ օդանավի մասին ապացույց ընդհանրապես չկա։ Ներկայացված են միայն Liaz (նոյեմբեր 2022) և Malloy (սեպտեմբեր 2023) ԱԹՍ-ների գնման նամակագրությունը և ՌԷՊ համակարգերի պլանավորման մասին նյութերը։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 7 տարի ազատազրկում՝ 3–8 տարի սանկցիայի սահմաններում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Հոդվածը նյութական հանցակազմ է պարունակում, որըպահանջում է ոչնչացված կամ վնասված կոնկրետ օդանավ։ Դատավճիռը ոչ մի այդպիսի օդանավ չի նշում։ Հանցագործության կենտրոնական տարրը, հետևաբար՝ հանցակազմը պարզապես բացակայում է։
Փաստերով նկարագրված ռադիոխլացումը վերաբերում է ուրիշ հոդվածի՝ 270-1.2-ին, որով պատիժ չի նշանակվել վաղեմության պատճառով։ Յոթ տարին նշանակվել է այն հոդվածով, որի վաղեմության ժամկետը դեռ չէր լրացել։ Իսկ ԱԹՍ գնելու չկայացած բանակցությունն օդանավի ոչնչացում որակելը նույնքան հիմնավոր է, որքան մեքենա գնելու մտադրությունից վթար բխեցնելը։
Մաս 12. Ռուբեն Վարդանյանի՝ որպես պետնախարար պաշտոնավորումն ինքնին համարվել է հանցագործություն (20 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանի՝ որպես պետնախարար պաշտոնավորումն ինքնին համարվել է հանցագործություն. Մաս 12
VI. ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ՀԱՆՑԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
Հոդված 218.1 — Հանցավոր միավորման (կազմակերպության) ստեղծում կամ դրա ղեկավարում
Վերագրվող արարք. Պետնախարարի պաշտոնավարման ընթացքում (04.11.2022–23.02.2023) զինված դիմադրության, կազմավորումների ֆինանսավորման և գնումների մասին որոշումներ. «Արցախի անվտանգության և զարգացման ճակատի» ստեղծում (18.05.2023), «ASALA» և «Nemesis» խմբեր։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանի ղեկավարման շրջանի վերաբերյալ ապացույցները բացակայում են. չկա ոչ մի հրաման, որոշում, արձանագրություն կամ ենթակայության փաստաթուղթ։ Ներկայացված են պաշտոնում նշանակման և ազատման փաստը, ՊԱԾ-ի գրությունները, iPad-ի զննությունը և ձերբակալության պահին առգրավված պայուսակի զննության արձանագրությունը։ Ներկայացված փաստաթղթերում և նյութերում որևէ խմբերի գոյության մասին, դրանց մասնակիցների ցուցակ, գրանցում կամ վկայություն չկա։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 11 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ըստ դատարանի՝ «կազմակերպությունը» գործում է 1987 թվականից, և նրա առաջնորդներից է անվանվում Ռոբերտ Քոչարյանը։ Վարդանյանը «միացել» է 2020-ին, ուստի չէր կարող լինել դրա ստեղծողը։ Մնում է ղեկավարումը, բայց նրա միակ պաշտոնը 3,5 ամիս տևած պետնախարարի պաշտոնն էր, որի գործառույթները սահմանափակված էր տնտեսական և սոցիալական հարցերով, իսկ դրանից հետո նա մասնավոր-քաղաքացիական անձ էր։ Ղեկավարման ոչ մի հրաման կամ որոշում դատավճռում չկա։
Ամենաէականը «հանցավոր միավորում» հասկացության կիրառումն է։ Օրենքով դա ծանր հանցագործությունների համար ստեղծված կայուն խումբ է, իսկ դատարանն այդ անվանումը տալիս է մի ամբողջ պետական կազմավորմանը՝ Արցախի Հանրապետությանը, դրա վարչակազմի՝ կառավարությամբ, բանակով, դպրոցներով և ընտրված մարմիններով։ Հետևողական կիրառման դեպքում հանցավոր միավորման անդամ է ստացվում այդ համակարգում աշխատած ցանկացած ուսուցիչ կամ բժիշկ։
Հոդված 218.2 — Մասնակցություն հանցավոր միավորմանը (կազմակերպությանը)
Վերագրվող արարք. Միացումը Ադրբեջանի որոկմամբ «հանցավոր միավորմանը»՝ Արցախի Հանրապետությանը, «2020 թ. դեկտեմբերի սկզբին» և մասնակցություն մինչև ձերբակալությունը՝ 27.09.2023։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ինքնուրույն ապացույցներ չկան. կրկնվում են հոդվածներ 100.2-ի և 218.1-ի նույն նյութերը՝ «Ավրորայի» 09.12.2020 թ. ֆինանսավորումը, «օպերատիվ տեղեկությունները» և ՊԱԾ-ի գրությունները։
Սահմանված պատիժ. Պատիժ չի նշանակվել։ Հոդվածով սահմանված սանկցիան 6–12 տարի է։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Հոդվածը կա մեղավոր ճանաչման ցանկում, բայց պատիժների ցանկում բացակայում է։ Օրենքը պահանջում է պատիժ նշանակել յուրաքանչյուր հանցագործության համար առանձին (ՔՕ 66.1), և այս պահանջը պարզապես չի կատարվել։
Կա նաև ավելի խորը խնդիր. նույն կառույցի համար անձը միաժամանակ դատապարտվում է և՛ որպես ղեկավար, և՛ որպես շարքային մասնակից, թեև ղեկավարն անխուսափելիորեն նաև մասնակից է։ Հատկանշական է, որ 279.1-ի և 279.2-ի դեպքում դատարանը հենց այդ պատճառով հանել է ավելորդ հոդվածները, իսկ այստեղ չի արել։ Ընդ որում, խոսքը հենց այն հոդվածի մասին է, որի վրա կառուցված է ողջ մեղադրանքը։
Մաս 11. Ռուբեն Վարդանյանի քաղաքական դիրքորոշումը համարվել է ահաբեկչության կոչ (19 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանի քաղաքական դիրքորոշումը համարվել է ահաբեկչության կոչ. Մաս 11
V. ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ և ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ
Հոդված 214.2.1, .3, .4 — Ահաբեկչություն՝ խմբով կամ հանցավոր միավորման կողմից, հրազենի կիրառմամբ, անզգուշությամբ մահ պատճառելով
Վերագրվող արարք. 308 ահաբեկչական դրվագ (1988–2023), 449 սպանված. 285 ականային պայթյուն (1990–2024)։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. 308 դրվագներից ոչ մեկում Ռուբեն Վարդանյանի մասնակցությունը հաստատող ապացույց չկա։ Ներկայացված են դրվագների ընդհանուր ցանկը, ականազերծման գործակալության տվյալները և Ստեփանակերտի գրասենյակի խուզարկության արձանագրությունը (03.10.2023)։ Խուզարկության արդյունքների և 35 տարվա 308 դրվագների միջև որևէ կապ չի ներկայացվում։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում՝ մեկ ընդհանուր պատիժ երեք ենթակետի համար։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ահաբեկչությունը կոնկրետ արարք է՝ կոնկրետ նպատակով։ Դատարանի թվարկած 308 «դրվագը» 35 տարվա զինված հակամարտության ընթացքում զինված ուժերի գործողություններն են, որոնք կարգավորվում են միջազգային մարդասիրական իրավունքով։ Ահաբեկչության կարգավորման միջազգային կոնվենցիաներն այդպիսի գործողությունները հատուկ դուրս են թողնում ահաբեկչության շրջանակից՝ վերապահելով միջազգային մարդասիրական իրավունքին։
Միակ իրեղեն ապացույցը պահարանում գտնված մի քանի նռնակերն ու փամփուշտներն են, որոնք առանձին մեղադրանքի (228.2.1) առարկա են և իրենք իրենցով ահաբեկչություն չեն։ Այդ իրերից 35 տարվա 308 ահաբեկչական ակտի մասնակցություն բխեցնելը նշանակում է մեղադրանք կառուցել մի ապացույցի վրա, որն առնչություն չունի հանցակազմի հետ։ Դրվագների մեծ մասն էլ նախորդում է 2020 թ. դեկտեմբեր հատվածին, իսկ ականային պայթյունների հաշվարկը շարունակվում է մինչև 2024 թվականը՝ կալանքի ժամանակահատվածը։
Հոդված 214-1 — Ահաբեկչության Ֆինանսավորում
Վերագրվող արարք. «Մենք ենք մեր սարերը» կազմակերպությունը 2023 թ. մայիսին հավաքել է 212,000 դոլար (360,400 մանաթ) և փոխանցել «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» ՀԿ-ին: ԱԹՍ-ների և ՌԷՊ համակարգերի ձեռքբերման փորձեր. «Դավիթ Բեկ» վարժանքներ (մայիս–օգոստոս 2023)։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Այստեղ ներկայացված են փաստեր, որոնք հերքում են մեղադրանքը։ Բանկային փաստաթղթերով 212 000 դոլարը հավաքվել է «Ruben Vardanyan Foundation», «Dilijan Community Center», «Aznavour Foundation» և «IDEA» հիմնադրամներից։ «Դավիթ Բեկ» ծրագիրը դատարանն ինքն է նկարագրում որպես Հայաստանի մարզերի 16–18 տարեկան դպրոցականների վեցամսյա մրցույթ։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 13 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածով պատասխանատվության համար պարտադիր է, որ մարդը դիտավորություն ունենա կամ առնվազն գիտակցի, որ այդ միջոցներն ուղղված են ահաբեկչությանը։ Հենց այստեղ դատավճիռը հերքում է ինքն իրեն. մեղադրանքի հիմքում դրված ապացույցները նկարագրում են դպրոցականների մրցույթ Հայաստանում, դիտարկման համար նախատեսված ԱԹՍ-ներ և չկայացած գնման հարցում։ Ուշադրության է արժանի նաև ֆինանսավորման եղանակը։ Գումարը եկել է հրապարակային, հաշվետվողական հիմնադրամներից և անցել երեք հայտնի բանկերի պաշտոնական հաշիվներով։ Ահաբեկչությունն այդպես չի ֆինանսավորվում. դրա էությունը միջոցների ծագումն ու նպատակը թաքցնելն է։
Ի վերջո, դատարանի դատողությունը տրամաբանական փակ շրջան է. «ճակատը» ահաբեկչական է, որովհետև Ռուբեն Վարդանյանը ֆինանսավորել է այն, իսկ ֆինանսավորումը հանցավոր է, որովհետև «ճակատը» ահաբեկչական է։
Հոդված 214-2 — Ահաբեկչության հրապարակային կոչեր
Վերագրվող արարք. Վերագրվող արարք ընդհանրապես ձևակերպված չէ։ Հոդվածը ամբողջ դատավճռում հանդիպում է ուղիղ մեկ անգամ՝ միայն պատիժների ցանկում։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ապացույցներ ընդհանրապես չկան, քանի որ այս հոդվածով մեղադրանք չի առաջադրվել և քննություն չի իրականացվել։ Եթե դատարանը նկատի է ունեցել Վարդանյանի ելույթները, ապա դրանց վերաբերում են № 3-16-16/2-4/717-4/730 և № 3-16-16/2-4/703-4/712 եզրակացությունները՝ երկուսն էլ 26.11.2024 թ., որոնց եզրափակիչ մասերը գրեթե բառացի նույնական են։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 14 տարի ազատազրկում՝ առանց մեղադրանքի և առանց մեղավոր ճանաչման։ Ընդ որում՝ հոդվածով սահմանված առավելագույն պատիժը 5 տարի է ։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Սա դատավճռի ամենացնցող թերություններից է։ Այս հոդվածով Ռուբեն Վարդանյանին մեղադրանք չի առաջադրվել, դատարանում այն չի քննվել, և մեղադրանքի ցանկում այն չկա։ Այսինքն՝ նա երբեք հնարավորություն չի ունեցել պաշտպանվելու այն մեղադրանքից, որով, ի վերջո, ստացել է 14 տարի ազատազրկման դատավճիռ։
Դրան գումարվում է պատժաչափի խախտումը. հոդվածով սահմանված առավելագույն պատիժը 5 տարի է, իսկ նշանակվել է 14 տարի՝ գրեթե երեք անգամ ավելի։ Իսկ եթե ենթադրենք, որ խոսքը ելույթների մասին է, ապա հոդվածը պահանջում է կոչ՝ ահաբեկչության կատարման կոնկրետ արարք՝ ակտ։ Դատարանի մեջբերած խոսքերում՝ «Ես չեմ հանձնվի Ադրբեջանի պայմաններին», «Ինտեգրման մասին խոսք լինել չի կարող», չկա պայթյուն, հրկիզում կամ սպանություն կատարելու ոչ մի կոչ ։ Քաղաքական դիրքորոշումն ահաբեկչության կոչ որակելը միաժամանակ խեղաթյուրում է այդ հասկացությունը և խախտում խոսքի ազատությունը։
Մաս 10. «Ավրորան», «Տրոյկա Դիալոգը», «Ամերիաբանկը» «ապօրինի ձեռնարկատիրություն»՝ Ադրբեջանում (16 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. «Ավրորան», «Տրոյկա Դիալոգը», «Ամերիաբանկը» «ապօրինի ձեռնարկատիրություն»՝ Ադրբեջանում. Մաս 10
IV. ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 192.3.1 — Ապօրինի ձեռնարկատիրություն (առանց պետական գրանցման կամ լիցենզիայի՝ առանձնապես խոշոր չափերով եկամուտով)
Վերագրվող արարք. Գործունեություն «առանց Ադրբեջանի գրանցման և լիցենզիաների»՝ Ամերիաբանկ, «Ավրորա», «Մենք ենք մեր սարերը», «Տրոյկա Դիալոգ»։ Վերագրվող վնաս՝ 103,047,605,899․53 մանաթ։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Արցախի Հանրապետությունը դիտարկվել է Ադրբեջանի տարածքը։ Ադրբեջանի տարածքում ձեռնարկատիրական գործունեության կամ եկամտի վերաբերյալ ապացույց չկա։ Հիմքում Ադրբեջանի ՊԱԾ-ի գրություններն ու «օպերատիվ տեղեկություններն» են, այդ թվում՝ № 249 (30.11.2023) գրությունը նրա կենսագրության մասին։ Նույն նյութերում կան նաև առանց մեղադրանքի պնդումներ, օրինակ, «Հունգարիայի միջոցով փողերի լվացման» և «կազմակերպված հանցավոր խմբերի հետ կապերի» մասին, ինչպես նաև հղում՝ Ուկրաինայի № 726 (19.10.2022) հրամանագրով կիրառված պատժամիջոցներին։ Վնասի 103 միլիարդի հաշվարկի մեթոդաբանությունը բացակայում է։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 6 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը: Ձեռնարկատիրությունը շահույթ ստանալու համար է։ «Ավրորան» և «Մենք ենք մեր սարերը» բարեգործական կազմակերպություններ են, որոնք սահմանմամբ շահույթ չեն հետապնդում։ Ամերիաբանկը Հայաստանի Կենտրոնական բանկի լիցենզավորած բանկ է, «Տրոյկա Դիալոգը»՝ ռուսաստանյան ընկերություն. դրանցից ոչ մեկը Ադրբեջանի տարածքում չի գործել, իսկ քրեական օրենսդրությունը գործում է տվյալ պետության տարածքի սահմաններում։
Հոդվածը կիրառելու համար պարտադիր է «առանձնապես խոշոր եկամուտը»։ Դատարանն այդ տեղում դնում է 103 միլիարդ մանաթը, որն իրականում, ըստ մեղադրանքի, հակամարտության ընթացքում «պատճառված վնասի» ընդհանուր գումարն է, ոչ թե Վարդանյանի եկամուտը։ Վնասն ու եկամուտը տարբեր բաներ են, և հենց այս շփոթից է կախված հոդվածի կիրառելիությունը։ Ի դեպ, այդ 103 միլիարդը դատավճռով չի էլ բռնագանձվել. բռնագանձվել է 1 584 մանաթ դատական ծախս։
Մաս 9. Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է սպանության և սպանության փորձի մեջ (15 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է սպանության և սպանության փորձի մեջ. Մաս 9
III. ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ և ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈՐՁ
Հոդված 120.2.1, .3, .4, .7, .11, .12 — Դիտավորյալ սպանություն ծանրացնող հանգամանքներում (խումբ կամ հանցավոր միավորում, ծառայողական պարտք, առանձնակի դաժանություն, երկու և ավելի անձ, ահաբեկչություն, ազգային ատելություն)
Վերագրվող արարք. 18,850 սպանված (1988–2024). հրադադարից հետո՝ 285 ականային դրվագ, 353 զոհ. թվագրված դրվագ՝ առանձին գյուղի հրետակոծություն 19.09.2023։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ոչ մի ապացույց չի հաստատում Ռուբեն Վարդանյանի հրամանը, գործողությունը կամ դիտավորությունը։ Մահվան պատճառների վերաբերյալ 208-ից ավելի դատաբժշկական եզրակացության մեջ նրա անունը ոչ մի անգամ չի հիշատակվում։ Տուժողների և զոհվածների իրավահաջորդների ցուցմունքներից միայն երեքն են տալիս նրա անունը՝ առանց սեփական դիտարկման։ Առանձին գյուղի հրետակոծության դրվագով ցուցմունքները ոչինչ չեն ասում Վարդանյանի մասին։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում՝ դարձյալ մեկ ընդհանուր պատիժ վեց ենթակետի համար։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Սպանության համար դատապարտելու համար պետք է լինի կոնկրետ զոհ, կոնկրետ արարք, դրանց միջև կապ և սպանելու դիտավորություն։ Դատավճռում այս չորսից կետից և ոչ մեկը առկա չէ: Ամենախոսունն այն է, որ մահվան պատճառների վերաբերյալ մեծ ծավալ ընդգրկող փորձագիտական բաժնում Ռուբեն Վարդանյանի անունը ոչ մի անգամ չի հիշատակվում։
Միակ թվագրված դրվագը «Մոլլալարի» հրետակոծությունն է, որը տեղի է ունեցել 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի իսկ ռազմական գործողության ընթացքում, երբ Վարդանյանը յոթ ամիս էր, ինչ պաշտոնաթող քաղաքացիական անձ էր։ Ստացվում է, որ 36 տարվա բոլոր մահերը վերագրվում են մեկ մարդու՝ առանց մեկ կոնկրետ դեպքի։ Ի լրումն, նույն հանգամանքները՝ խմբով գործելը, դաժանությունը, ազգային թշնամանքը, երկրորդ անգամ հաշվի են առնվել որպես ծանրացնող, ինչը Ադրբեջանի Քրեական օրենսգիրքն ուղղակիորեն արգելում է (ՔՕ 61.3)։
Հոդված 29 + 120.2.x (վեց համակցություն) — Սպանության փորձ՝ նույն վեց ծանրացնող հատկանիշներով
Վերագրվող արարք. 56,268 սպանության փորձի զոհ (1988–2024). 882 վիրավոր ականային պայթյուններից. դրվագ՝ Մ. Հասանովի վիրավորում Մոլլալարում 19.09.2023։
Մեղադրանքի հիմքում դրված ապոցույցներ: Դարձյալ մեղադրանքը հաստատող ապացույց չի ներկայացվել։ Հիմքում վիրավորների ցուցմունքներն են և վնասվածքների վերաբերյալ դատաբժշկական եզրակացությունները։ Տուժողների թվում են նաև դժբախտ պատահարների մասնակիցներ. երկու վկա, ովքեր 30.09.2021-ին Աղդամի շրջանում անձրևի պատճառով մեքենայով սահել են ականապատ գոտի, և մեկ վկա, ով 20.09.2023-ի գիշերը մթության մեջ սայթաքել է զինամթերքի արկղը կրելիս։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 15 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը: Սպանության փորձը հնարավոր է միայն ուղղակի դիտավորությամբ. պետք է ապացուցվի, որ մարդը ձգտել է կոնկրետ անձի մահվան։ Դատարանը 56,268 դեպքից ոչ մեկում այդ ձգտումը չի ապացուցում։
Այստեղ ապացույցների ընտրությունն ինքնին հերքում է մեղադրանքը։ Անձրևից սահած մեքենան և գիշերային սայթաքումը դիտավորություն չեն պարունակում և, ուրեմն, սահմանմամբ չեն կարող լինել սպանության փորձ։
Մաս 8. Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 1 166 702 հա տարածքի ականապատման համար (14 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը մեղադրվում է 1 166 702 հա տարածքի ականապատման համար. Մաս 8
II. ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 115.2 — Պատերազմի օրենքների և սովորույթների խախտում
Վերագրվող արարք. Արգելված մեթոդներ` ականապատում. «առնվազն 1 087 226 ական» 1 166 702 հա տարածքում (սեպտ. 1988 – սեպտ. 2024))։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանի և ականապատման միջև կապը հաստատող ապացույց չկա։ Ներկայացված են Ադրբեջանի ականազերծման գործակալության ընդհանուր տվյալները և ականային պայթյուններից տուժածների ցուցմունքները։ Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուց հետո ականապատման «արագացման» թեզի հիմքում որևէ հրաման, քարտեզ, ստորաբաժանում կամ համեմատական տվյալ չկա։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 9 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը
Այս հոդվածով պատասխանատվություն կրում է նա, ով ինքն է կիրառում արգելված մեթոդներ կամ հրամայում է դա անել։ Դատավճռում չկա ոչ մի հրաման, ոչ մի ստորաբաժանում և ոչ մի ականապատված տեղանք, որը կապված լինի Ռուբեն Վարդանյանի հետ։
«Ականապատումն արագացել է» թեզը համեմատություն է, որը պահանջում է թվեր. որքա՞ն ական էր տեղադրվում մինչև նշանակումը և որքա՞ն՝ դրանից հետո։ Դատարանը այս թվերից ոչ մեկը չի բերում։
Հոդված 116.0.1, .2, .10, .11, .16, .18 — Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտում (լայնածավալ ավերածությունների մեթոդներ, շրջակա միջավայրին վնաս, հարձակում քաղաքացիական բնակչության վրա, բռնություն և ունեցվածքի ոչնչացում, արգելված միջոցներ, պաշտպանվող անձանց ապօրինի պահում)
Վերագրվող արարք. 18,850 սպանված և 56,268 սպանության փորձ (1988–2024), 1,284 պատանդ, կասետային զինամթերք, ականներ։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Վեց տարբեր հանցակազմերից ոչ մեկի համար Ռուբեն Վարդանյանի գործողությունը հաստատող ապացույց չկա։ Հիմքում դատարանում հարցաքննված շուրջ 540 տուժողի ցուցմունքներն են և դատաբժշկական եզրակացությունները։ Տուժողներից միայն երեքն են հիշատակում Վարդանյանի անունը՝ երկուսը ընդհանրական «Վարդանյանի ֆինանսավորած կազմավորումներ» արտահայտությամբ, երրորդը՝ վկայակոչելով «սոցիալական ցանցերը»։ Տուժողների մեջ կան նաև դժբախտ պատահարների մասնակիցներ։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 20 տարի ազատազրկում՝ մեկ ընդհանուր պատիժ վեց ենթակետի համար։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Վեց ենթակետը ենթադրում է վեց տարբեր հանցագործություն. շրջակա միջավայրին վնասելը, խաղաղ բնակչության վրա հարձակվելը և մարդկանց ապօրինի պահելը նույն արարքները չեն։ Օրենքը պահանջում է յուրաքանչյուրն առանձին ապացուցել և յուրաքանչյուրի համար առանձին պատիժ նշանակել։ Դատարանը ոչ մեկի համար չի նկարագրում Վարդանյանի գործողությունը և նշանակում է մեկ ընդհանուր պատիժ։
Ապացույցներն իրենք են ցույց տալիս մեղադրանքի սնանկությունը. շուրջ 540 տուժողից ոչ մեկը չի նկարագրում Վարդանյանի որևէ արարք, իսկ նրա անունը տված երեքն էլ խոսում են լսածի հիման վրա։
Նույն ապացույցների շարքում են նաև անձրևի պատճառով ականապատ գոտի սահած մեքենան և գիշերը զինամթերքի արկղը կրելիս սայթաքած զինվորը։ Այս ամենը ներկայացվում է որպես ռազմական հանցագործության հետևանք, այսինքն՝ որակվում այն, ինչը մարդու արարք չէ։
Մաս 7. «Ավրորայի» մրցանակային գումարը Բաքվի դատարանը վարձկանության վճար է համարել (13 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. «Ավրորայի» մրցանակային գումարը Բաքվի դատարանը վարձկանության վճար է համարել. Մաս 7
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 114.1 — Վարձկանություն (վարձկանների հավաքագրում, ուսուցում, ֆինանսավորում, օգտագործում)
Վերագրվող արարք. «Առնվազն 2000» օտարերկրացի՝ 27.09.2020-ից. VoMA-ի հիմնադիր Վ. Վարդանովի հետ «համաձայնություն»: «Ավրորայի» միջոցների բաշխում «150 քրդական ծագում ունեցող վարձկանների»։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Հավաքագրման կամ ֆինանսավորման ապացույցները բացակայում են։ Ներկայացված է մեկ WhatsApp հաղորդագրություն (22.05.2022)՝ VoMA-ի յոթ հրահանգչի անուններով, VoMA-ի 2022 թ. մայիսի 1-ի վարժանքին Ռուբեն Վարդանյանի մասնակցության մասին մամուլի մեկ հրապարակում և «օպերատիվ տեղեկություններ»։ «2000 օտարերկրացու» մասին որևէ ցուցակ, անուն կամ վճարման փաստաթուղթ չկա։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 11 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Դատարանը «Ավրորայի» մրցանակաբաշխությունը վարձկանության վճար է դիտարկվել։ Ինչ վերաբերում է VoMA-ին, ապա նրա հրահանգիչները Հայաստանի քաղաքացիներ են և վարձկանության կարգավորման տակ չեն կարող ընկնել։ Վարժանքին մասնակցելը հավաքագրում չէ։ Մեղսագրվող «2000 օտարերկրացու» ժամանակահատվածը համընկնում է այն հատվածի հետ, երբ Ռուբեն Վարդանյանն անգամ Արցախում չէր։ Ի դեպ, որպես VoMA-ի հետ «համաձայնության» ամսաթիվ դատարանը նշում է 2013 թվականը, որն իրականում VoMA-ի հիմնադրման ամսաթիվն է, մինչդեռ վկայակոչվող նամակագրությունը 2022 թվականից է։
Մաս 6. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1 284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար (12 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 414 ռազմագերու, 1 284 քաղաքացիական պատանդի խոշտանգման համար. մաս 6
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 113 — Խոշտանգում
Վերագրվող արարք. 414 ռազմագերու (48 սպանված, 366 վերադարձված), 1 284 քաղաքացիական պատանդների խոշտանգում։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանին որևէ տուժողի կամ դրվագի հետ կապող ապացույց չի ներկայացվել։ Մեղադրանքի հիմքում ընկած են միայն ամբողջ հակամարտության ընթացքի ամփոփ թվերը՝ առանց ժամանակային բաժանման և առանց մեկ դեպքի, որտեղ նշված լինի Վարդանյանի դերը։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 9 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Խոշտանգումը պահանջում է կոնկրետ տուժող և կոնկրետ անձ, ով ցավ է պատճառել կամ հրամայել է դա անել մյուսների նկատմամբ։ Դատավճիռը ոչ մի տուժող, ոչ մի դեպք և ոչ մի ամսաթիվ չի կապում Ռուբեն Վարդանյանի հետ։ Փոխարենը բերվում են հակամարտության ընդհանուր թվերը։
Այս մեթոդը նշանակում է, որ մեկ մարդու վրա է դրվում այն, ինչ իբր արել է ենթադրյալ խումբը երեսուն տարվա ընթացքում։ Եթե այն կիրառենք հետևողականորեն, «խոշտանգման» համար պետք է պատասխանատու ճանաչել Լեռնային Ղարաբաղում ապրած կամ աշխատած ցանկացած մարդու՝ անկախ նրանից, թե երբ է ծնվել և ինչ է արել։
Մաս 5. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 3 980 ադրբեջանցու բռնի անհետացման համար (9 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել 3 980 ադրբեջանցու բռնի անհետացման համար. մաս 5
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 110 — Բռնի անհետացում
Վերագրվող արարք. 3 980 անձի ճակատագրի մասին տեղեկություններ տրամադրելուց հրաժարում (1989–2020), որոնցից 490 տղամարդ, 283 կին և 3 207 զինծառայող։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Այս մեղադրանքի հիմքում ևս Ռուբեն Վարդանյանին վերաբերող ապացույց չկա։ Ներկայացված է Ադրբեջանի Ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի 05.12.2023 թ. № 542 պատասխան-գրությունը, որով, սակայն, Արցախյան առաջին պատերազմի կապակցությամբ անհայտ կորած է գրանցված 3 890 անձ՝ 3 171 զինծառայող և 719 քաղաքացիական անձ։ Այսինքն՝ անգամ ապացույցի թվերը չեն համընկնում մեղադրանքի թվերի հետ, և այս անհամապատասխանությունը դատարանը չի բացատրում։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է առավելագույն՝ 20 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Այս հոդվածով կարող է պատասխանատվություն կրել նա, ով մասնակցել է մարդկանց առևանգմանը կամ պարտավոր է և կարող է տեղեկություն տրամադրել նրանց ճակատագրի մասին։ Ռուբեն Վարդանյանը Արցախի Հանրապետության պետնախարարի պաշտոնում պաշտոնավարել է 2022թ. նոյեմբերի 4-ից մինչև 2023թ. փետրվարի 23-ը՝ 3,5 ամիս, և նրա պարտականություններն ընդգրկել են տնտեսական և սոցիալական բնագավառները: Դատավճիռը որևէ կերպ չի հիմնավորում, որ նա երբևէ ունեցել է նման տեղեկություններ կամ դրանք տրամադրելու լիազորություն։
Մեղսագրվող ժամանակահատվածը՝ 1989–2020 թթ., ամբողջությամբ նախորդում է նրա ժամանմանը. մարդուն մեղադրում են այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել մինչև իր ներկայությունը։ Այդ ամենից բացի, դատարանն իր իսկ «ապացույցից», անհասկանալի է ինչ հիմնավորումով, ավելի մեծ թիվ է դնում մեղադրանքի հիմքում՝ 3,980՝ 3,890-ի փոխարեն։
Թեև Ռուբեն Վարդանյանի անհատական մեղքը հաստատող նույնիսկ հեռավոր կապ ունեցող «ապացույց» չկա, միևնույն է, այս հոդվածով նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման:
Մաս 4․ Ռուբեն Վարդանյանին վերագրվել է մեղադրանք, որի միակ «ապացույցը» նրա հայ լինելն է (8 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանին վերագրվել է մեղադրանք, որի միակ «ապացույցը» նրա հայ լինելն է. մաս 4
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 109 — Խմբի հետապնդում քաղաքական, ազգային, էթնիկ և այլ արգելված դրդապատճառներով
Վերագրվող արարք. Հետապնդում ազգային և քաղաքական հատկանիշով, տեղահանվածների վերադարձին խոչընդոտելը։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ինքնուրույն ապացույցներ Ռուբեն Վարդանյանի դեմ ընդհանրապես ներկայացված չեն։ Ներկայացված է միայն Փախստականների և ներքին տեղահանված անձանց պետական կոմիտեի 04.11.2023 թ. № 3-36/2-3659/2023 պատասխան-գրությունը և պատմական նկարագրություն։ Վարդանյանի որևէ որոշման, գործողության կամ հայտարարության վերաբերյալ ապացույց չկա։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 9 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Հետապնդումը նշանակում է որոշակի խմբի մարդկանց դիտավորյալ զրկել հիմնարար իրավունքներից։ Սակայն դատավճռում չկա ոչ մի տուժող, ոչ մի որոշում և ոչ մի գործողություն, որը կատարել է անձամբ Ռուբեն Վարդանյանը։
Ամենախնդրահարույցը դրդապատճառն է. այն փաստացի բխեցվում է ամբաստանյալի ազգությունից՝ հայ լինելուց։ Սակայն հայ լինելուց ոչ մի կերպ չի հետևում ադրբեջանցիներին հետապնդելու դիտավորություն։ Ըստ էության, այստեղ մեղքը փոխարինվել է Վարդանյանի էթնիկ ծագմամբ։
Ի դեպ, նրա միակ փաստագրված գործունեությունը տարածաշրջանում Արցախի բնակչությանը ցուցաբերած հումանիտար օգնությունն է եղել։
Մաս 3․ Ռուբեն Վարդանյանը «մեղավոր է» ճանաչվել 1988–1994թթ. ադրբեջանական բնակչության տեղահանման համար (7 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ռուբեն Վարդանյանը «մեղավոր է» ճանաչվել 1988–1994թթ. ադրբեջանական բնակչության տեղահանման համար. մաս 3
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հոդված 107 — Բնակչության արտաքսում կամ բռնի տեղահանում
Վերագրվող արարք. Ադրբեջանական բնակչության տեղահանում. 442 841 անձ, 924 բնակավայր (1988–1994):
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Ռուբեն Վարդանյանին վերաբերող ապացույց ընդհանրապես առկա չէ։ Ներկայացված է միայն Փախստականների և ներքին տեղահանված անձանց պետական կոմիտեի 04.11.2023 թ. № 3-36/2-3659/2023 պատասխան-գրությունը և պատմական նկարագրություն։ Ընդ որում, անգամ գրության թիվը՝ 635 646 ներքին տեղահանված, չի համընկնում մեղադրանքում նշված 442 841 թվի հետ, և դատարանն այդ տարբերությունը չի բացատրում։
Սահմանված պատիժ. Դատավճռով այս հոդվածի համար նշանակված է 14 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Բոլոր դրվագները վերաբերում են 1988–1994 թվականներին, երբ Ռուբեն Վարդանյանը 20–26 տարեկան էր և սովորում, իսկ հետո՝ աշխատում և ապրում էր Մոսկվայում։
Ընդ որում, պետք է հաշվի առնել, որ արտաքսումն ավարտվում է բնակչության տեղահանման պահին։ Ավարտված արարքին հետագայում մասնակցել հնարավոր չէ, ուստի Վարդանյանի պատասխանատվությունը բացառվում է հենց Ադրբեջանի օրենսգրքով (ՔՕ 34.6)։
Այս երեսուն տարվա «բացը» դատարանը լրացնում է «վերադարձին խոչընդոտելու» թեզով։ Բայց «վերադարձին խոչընդոտելն» այլ արարք է, քան արտաքսումը, և դատարանն այդպես էլ չի նշում, թե Ռուբեն Վարդանյանը կոնկրետ ինչ է արել, որը խոչընդոտել է վերադարձին։ Հոդվածից մնացել է միայն անվանումը։ Բացի այդ, 1988–2000 թթ. արարքների նկատմամբ 2006 թ. օրենքի կիրառումն արգելված է հետադարձ ուժի կանոնով, որը դատավճիռն ինքն է մեջբերում Սահմանադրությունից և անմիջապես էլ՝ հենց հաջորդ տողում անտեսում։
Այդուհանդերձ, այս անհեթեթության ու տրամաբանության բացակայության շղթան ամենևին էլ չի խանգարել Բաքվի ռազմական դատարանին Վարդանյանին «մեղավոր» ճանաչել այս հոդվածով:
Մաս 2․ Ադրբեջանը հանցագործություն է որակել այն, ինչը թույլատրել է ինքը (6 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. Ադրբեջանը հանցագործություն է որակել այն, ինչը թույլատրել է ինքը. մաս 2
I.ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2. Հոդված 100.2 — Ագրեսիվ պատերազմ վարելը
Վերագրվող արարք. «Մասնակցություն ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը». Ռուբեն Վարդանյանի «միացում»-ը վերագրվող այս արարքին, այսինքն՝ «ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը», ըստ գործի, տեղի է ունեցել 2020 թ. դեկտեմբերին։
Մեղադրանքի հիմքում ընկած ապացույցներ. «Պատերազմ վարելուն» ուղղված որևէ գործողության վերաբերյալ ապացույց չի ներկայացվել։ «Միացման» միակ փաստական հենքը «Ավրորա» նախաձեռնության կողմից 09.12.2020-ին միջոցների հատկացումն է Արցախին և դափնեկիր Միրզա Դիննայիի ժամանումը Ստեփանակերտ, ինչպես նաև «օպերատիվ տեղեկությունները», որոնք հայտնի չէ, թե ինչ են իրենցից ներկայացնում։ Բացակայում են միացման ակտը, ամսաթիվը, կոնտրագենտը, ինչպես նաև հումանիտար ֆինանսավորման և ռազմական գործողությունների միջև որևէ կապ։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակվել է 20 տարի ազատազրկում՝ դատավճռի առավելագույն ժամկետներից մեկը։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը. Ամենաաբսուրդայինն այստեղ այն է, որ Բաքվի ռազմական դատարանին հաջողվել է «ապացուցված» համարել երբևէ զինվորական կարիերա չունեցած, երբևէ ոչ մի ռազմական գործողության չմասնակցած Ռուբեն Վարդանյանին ներկայացված՝ «ագրեսիվ պատերազմ վարելու» մեղադրանքը:
«Պատերազմ վարելը» նշանակում է զինված հարձակում իրականացնել։ Դատարանն այս հասկացությունը փոխարինում է «օկուպացիայի շարունակմամբ», այսինքն՝ պատժում է ոչ թե արարքի, այլ տարածքում գտնվելու համար։ Ընդ որում, 2020 թ. նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքի կարգավիճակը սահմանված էր եռակողմ հայտարարությամբ, որը ստորագրել էր նաև Ադրբեջանի նախագահը, և ըստ որի այնտեղ տեղակայվեցին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանը հանցագործություն է որակում այն, ինչը, ըստ էության, թույլատրել է ինքը։
Այստեղ առկա է հակասություն. Ըստ մեղադրանքի՝ Վարդանյանը «միացել» է «ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը» 2020 թ. դեկտեմբերին, այն դեպքում, երբ պատերազմն արդեն ավարտված էր, և նա Մոսկվայում էր։ Բայց այստեղ էլ Բաքվի դատարանը ելքը գտել է. ըստ մեղադրանքի՝ «միացումն» ինքնին ապացուցվում է «Ավրորայի» մարդասիրական նախաձեռնության ֆինանսավորմամբ, որն էլ հանցավոր է համարվում այն պատճառով, որ նրա հիմնադիրն արդեն «միացել» էր «ինքնիշխան տարածքների օկուպացիայի շարունակմանը»։
Այստեղ, իհարկե, իմաստ չունի որևէ տրամաբանություն փնտրել, քանի որ դա պարզապես գոյություն չունի: Ունեք փակ շրջան, որտեղ ոչ մի օղակ ինքնուրույն ապացուցված չէ։ Բայց դա ամենևին չի խանգարել, որ մեղադրանքը համարվի «ապացուցված», և Վարդանյանը ստացել է այս հոդվածով սահմանված առավելագույն պատիժը՝ 20 տարի:
Մաս 1․ Նախաբան (5 հոկտեմբերի, 2026 թ.)
«Արդարադատություն» ըստ Ադրբեջանի. «Փաստինֆոն» սկում է Ռուբեն Վարդանյանի գործով դատավճռի վերլուծությունը. մաս 1
«Փաստինֆոն» սկսում է «Արդարադատություն ըստ Ադրբեջանի» խորագրով հրապարակումների շարքը՝ վերլուծելով Ռուբեն Վարդանյանի գործով դատավճիռը:
ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը սեպտեմբերի սկզբին հայտարարել էր, որ Free Armenian Prisoners կայքում առաջին անգամ ամբողջությամբ հրապարակվել են Ռուբեն Վարդանյանի գործով մեղադրական եզրակացության ու դատավճռի անգլերեն թարգմանությունները: Նա նաև կոչ էր արել իրավաբանների մասնագիտական համայնքին, հետազոտական կենտրոններին գործը դարձնել ակադեմիական ուսումնասիրության և մասնագիտական քննարկման առարկա, ինչին և մենք ձեռնամուխ ենք լինում:
Այս շարքով մեր ընթերցողին ներկայացնելու ենք, թե ինչ որակի «դատավարություններ» են ընթացել և ինչ կարգի գործ է պատրաստվել Ադրբեջանի ավտորիտար ռեժիմի կողմից մեր հայրենակիցների նկատմամբ: Մասնագիտական վերլուծության համար ներգրավել ենք միջազգային իրավունքի մասնագետ, ELL PARTNERSHIP իրավաբանական ընկերության հիմնադիր գործընկեր Տարոն Սիմոնյանին:
Վերլուծությունը ներկայացնելու ենք ըստ մեղադրանքների և հոդվածների: Ռուբեն Վարդանյանը «մեղավոր» է ճանաչվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 20 հոդվածներով նախատեսված 40 մեղադրանքներով:
I. ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ և ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Հոդված 100.1 — Ագրեսիվ պատերազմի պլանավորում, նախապատրաստում կամ սանձազերծում
Վերագրվող արարք. Մասնակցություն «նոր հարձակումների պլանների» նախապատրաստմանը «հանցավոր կազմակերպության կազմում»։
Մեղադրանքի հիմքում դրված ապացույցներ. Վերագրվող արարքը հիմնավորող ապացույցները բացակայում են։ Որպես «ապացույց» ներկայացված են Ռուբեն Վարդանյանի Ստեփանակերտի գրասենյակի խուզարկության արձանագրությունը (03.10.2023) և այնտեղից առգրավված փաստաթղթերը, ՊԱԾ ռազմական հակահետախուզության գրություններ և «օպերատիվ տեղեկություններ»: Դրանց բովանդակությունը դատավճիռում որևէ կերպ բացահայտված չէ, և ներկայացված չեն այդ փաստաթղթերի և վերագրվող արարքի պատճառհետևանքնային կապերը։
Սահմանված պատիժ. Դատավճռով նշանակված է 11 տարի ազատազրկում։
Տարոն Սիմոնյանի վերլուծությունը: Մեղադրական դատավճիռը հիմնված է ենթադրությունների վրա:
Դատավճիռը չի նշում ո՛չ այն պետությունը, որի ագրեսիան իբր պլանավորվել է, ո՛չ պլանի բովանդակությունը, ամսաթիվը, հեղինակին կամ հասցեատիրոջը, և չի հիմնավորում ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դիտավորությունը։
Ստացվում է, որ մասնավոր անձը, ով երբեք չի զբաղեցրել ռազմական կամ անվտանգության պաշտոն, այստեղ դարձել է պետական հանցագործության սուբյեկտ, ինչը տրամաբանական ու իրավական սխալ է և խախտում է անգամ Ադրբեջանի օրենսդրությունը:
Ադրբեջանի քրեական օրենսդրության պահանջվող հանցակազմի հատկանիշներից ոչ մեկը հաստատված չէ, իսկ եզրահանգումը կառուցված է ձերբակալությունից հետո առգրավված անանուն փաստաթղթերի վրա, որոնց բովանդակությունը դատարանն անգամ չի ներկայացնում, քանի որ ակնհայտ է, որ կամ «բովանդակություն» չկա, կամ այդ «բովանդակությունն» իրենց օգտին չէ:
Սա խախտում է մեղքի բավարար հիմնավորվածության և անմեղության կանխավարկածի պահանջն այն մասով, որ մեղադրական դատավճիռը չի կարող հիմնվել ենթադրությունների վրա (ՔԴՕ 351.2)։
Բացի այդ, Ռուբեն Վարդանյանին վերագրվող «նոր հարձակումներից» ոչ մեկն այդպես էլ տեղի չի ունեցել, և դատարանն էլ դա չի պնդում։
Չնայած այս ամենին՝ դատարանը մեղադրանքը համարվել է «ապացուցված»: