Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանին
18 սեպտեմբերի, 2026 թ.
2026 թվականի սեպտեմբերի 16-ին Ռուբեն Վարդանյանը հրապարակային ուղերձ է ձայնագրել՝ ուղղված Ադրբեջանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևային՝ բարձրաձայնելով Ումբակի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալների իրավունքներին վերաբերող մի շարք խնդիրներ։
Հղում կատարելով Ադրբեջանի օրենսդրությանը և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տրամադրած՝ բանտարկյալների իրավունքների վերաբերյալ տեղեկատվությանը՝ Վարդանյանն անդրադառնում է հեռախոսային և տեսազանգերի սահմանափակումներին, բժշկական օգնության, նոտարական ծառայությունների և ֆիզիկական ակտիվության հասանելիության, ինչպես նաև դիմումների և բողոքների գրավոր պատասխանների բացակայությանը։
Նա նաև ընդգծում է բանտարկյալների մեկուսացման խնդիրը՝ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեության դադարեցումից հետո և հիշեցնում Վերոնիկա Զոնաբենդի ՝ Բաքու մեկնելու և հայ բանտարկյալներին ավելի քան հազար նամակ, ծանրոցներ և առաջին անհրաժեշտության իրեր փոխանցելու մարդասիրական նախաձեռնության մասին։
Ռուբեն Վարդանյանն առաջարկում է Մարդու իրավունքների պաշտպանին հանդիպել բանտարկյալների հետ և հետևել իրենց իսկ օրենքներին. «Կարևոր չէ, թե դեռ որքան ժամանակ կանցկացնենք Ումբակիում։ Խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին»:
Ստորև հրապարակում ենք ուղերձի ամբողջական սղագրության անգլերեն թարգմանությունը, ինչպես նաև աուդիոուղերձը՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։
ՊԱՇՏՈՆԱԿԱՆՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի՛ տիկին Ալիևա,
Ձեզ է դիմում Բաքվի ռազմական դատարանի կողմից 20 տարվա ազատազրկմանդատապարտված Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ռուբեն Կարլենի Վարդանյանը։
Ցավոք, ստիպված եմ Ձեզ դիմել հրապարակայնորեն՝ այս հայտարարության միջոցով։
Ես և իմ ևս 18 հայրենակիցներ, որոնք դատապարտվել են տարբեր ժամկետների, գտնվում ենք Ումբակիի քրեակատարողական հիմնարկում և, ցավով, ստիպված եմ արձանագրել, որ մշտապես բախվում ենք դատապարտյալների մեր իրավունքների խախտմանը։ Այդ իրավունքները սահմանված են Ձեր երկրի օրենսդրությամբ՝ անկախ հոդվածից, որով դատապարտվել է անձը, անկախ նրա ազգությունից, դավանանքից կամ քաղաքացիությունից։
Նախքան խախտումների մասին խոսելը, ցանկանում եմ կրկին ասել, որ 916 հեռախոսահամարով գործող թեժ գծի մեխանիզմը չի աշխատում։ Ինձ միայն մեկ անգամ է թույլատրվել զանգահարել այդ համարով, և դա եղել է հունիսի 19-ին։ Սակայն մինչ օրս Ձեր գրասենյակից որևէ արձագանք չի եղել։ Իմ փաստաբանը նույնպես Ձեզ հաղորդագրություն է թողել, սակայն կրկին որևէ արձագանք չի եղել։ Ավելին, մեզ տեղեկացվել է, որ Դուք ունեք 20 հազար կալանավոր, և կայցելեք մեզ երբ ժամանակ ունենաք։ Սակայն դա նշանակում է, որ թեժ գիծը պարզապես ձևականություն է և իրականում չի գործում։
Փորձում եմ այս տեղեկությունը հասցնել Ձեզ, որպեսզի Դուք իսկապես կարողանաք միջոցներ ձեռնարկել և վերացնել նշված խախտումները։
Իմ դիմումի մեջ ես նաև հղումներ կկատարեմ այն գրքույկին, որը Դուք պաշտոնապես հանձնեցիք մեզ ապրիլին մեր վերջին հանդիպման ժամանակ։ Այդ գրքույկը հրատարակված էր չորս լեզվով։ Ես կհենվեմ ռուսերեն տարբերակի վրա։ Հուսով եմ՝ այն ճիշտ է թարգմանված։
Առաջին. շաբաթական հեռախոսազանգերի իրավունք։ Ընտանիքի անդամներից ստացված տեղեկությունների համաձայն՝ 19 դատապարտյալներից ոչ բոլորն են օգտվում այդ իրավունքից։
Երկրորդ. տեսազանգի իրավունք։ Այդ իրավունքը ամրագրված է Ադրբեջանի Հանրապետության Քրեակատարողական օրենսգրքի 84.1 հոդվածով։ Ավելին, 81.1 հոդվածում նշվում է, որ դատապարտյալի խնդրանքով կամ այլ պատճառներով կարճաժամկետ տեսակցությունները, որի իրավունքը մենք ունենք, կարող են փոխարինվել տեսազանգով։ Ցանկանում եմ կրկին նշել, որ այստեղ գտնվողներից շատերն արդեն երեք տարուց ավելի չեն կարողանում շփվել նույնիսկ իրենց երեխաների հետ։ Ձերբակալման պահին իմ խցակցի երեխան տասը ամսական էր, այժմ նա արդեն երեքուկես տարեկան է։ Սա նշանակում է, որ այդ երեխան մեծ հաշվով երբեք չի տեսել իր հորը։ Ես դա համարում եմ երեխաների հետ գոնե տարրական կապ պահպանելու իրավունքի կոպիտ խախտում։
Երրորդ. տեղեկություններ ստանալու իրավունք սեփական իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև պատիժների համակարգի վերաբերյալ։ Հիմնարկի ղեկավարությունից ես չեմ կարողանում ստանալ նույնիսկ տարրական տեղեկատվություն այն մասին, թե ինչ իրավունքներ, ինչ պարտականություններ, ինչ խախտումներ և ինչ պատիժներ են նախատեսված տվյալ հիմնարկում։
Չորրորդ. իրավաբանական օգնություն և ծառայություններ ստանալու իրավունք, այդ թվում՝ նոտարական ծառայություններ։ Մինչ օրս չեն տրամադրվել նոտարական այն ծառայությունները, որոնց տրամադրումը ձեր պարտականությունն է։ Ես չեմ կարող ձևակերպել լիազորագիր իմ որդու անունով, որն այսօր՝ սեպտեմբերի 16-ին, նշում է իր ծննդյան օրը։ Նա դառնում է 17 տարեկան։ Ես չեմ կարող լիազորագիր ձևակերպել նաև իմ կնոջ անունով։ (Էջ 13)
Հինգերորդ. բժշկական ծառայություններ ստանալու իրավունք, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վճարովի հիմունքներով մասնավոր բուժհաստատություններում։ Չնայած իմ բոլոր հիվանդություններին, ես չեմ կարողանում անցնել անհրաժեշտ հետազոտություններն ու հանձնել անհրաժեշտ անալիզները։ Ինձ թույլ չեն տալիս անել դա, չնայած իմ և իմ փաստաբանի դիմումներին։ Առ այսօր ես հնարավորություն չեմ ստացել անցնել զննություններ և ստանալ դրանց արդյունքները, նույնիսկ վճարովի հիմունքներով։ (Էջ 23)
Հաջորդը. ամեն օր առնվազն մեկ ժամ առավոտյան մարմնամարզությամբ և սպորտով զբաղվելուիրավունք (Էջ 21)։ Այսօր մեզ թույլատրվում է շաբաթը միայն մեկ անգամ դուրս գալ․ բոլոր խցերին տրվում է 20 րոպե, իսկ մեր խցին՝ 40 րոպե, սակայն դա միևնույն է բավարար չէ առողջությունը պահպանելու համար։ Սա ևս մեր իրավունքների կոպիտ խախտում է։
Հաջորդը. կրթություն ստանալու և մասնագիտական վերապատրաստման իրավունք։ Չնայած իմ բազմաթիվ դիմումներին, ինձ չեն տրամադրում որևէ հնարավորություն կամ մեխանիզմ, որի միջոցով ես կկարողանամ շարունակել կրթությունս՝ գտնվելով այս հաստատությունում։
Հաջորդը. բաժանորդագրությամբ թերթեր և ամսագրեր ստանալու իրավունք։ Ես ցանկանում եմ բաժանորդագրվել ադրբեջանական թերթերի և ամսագրերի, սակայն ինձ չի տրվում այդ իրավունքը ևս (Էջ 17)։ Կրթության հարցի վերաբերյալ՝ էջ 14։
Իմ դիմումների, բողոքների և առաջարկությունների վերաբերյալ գրավոր պատասխաններ ստանալու իրավունք (Էջ 16)։ Չնայած իմ բազմաթիվ դիմումներին, ես դրանցից ոչ մեկի վերաբերյալ գրավոր պատասխան չեմ ստացել։
Վերջինը և ամենակարևորը. անձնական հարցերով կապ հաստատելու իրավունք սեփական պետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք իրենց վրա են վերցրել դատապարտյալների հովանավորությունը։ (Էջ 14)
Ցավոք, Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության գրասենյակի փակվելուց հետո մենք 2025 թվականի հունիսից ի վեր այլևս հնարավորություն չունենք նրանց միջոցով ստանալ տեղեկություններ մեր ընտանիքներից, ինչպես նաև ստանալ իրեր, հագուստ, սնունդ, լուսանկարներ, նամակներ և այլն։ Նրանց այցը 2025 թվականի դեկտեմբերին շատ կարճ և ձևական բնույթ էր կրում, և նրանց թույլ չտրվեց մեզ փոխանցել որևէ բան։
Բայց, ձեր օրենսդրության համաձայն, մենք ունենք հարազատներից և մտերիմներից տարվա ընթացքում մի քանի անգամ ծանրոցներ և փոստային առաքանիներ ստանալու իրավունք, նաև ունենք կարճաժամկետ և երկարաժամկետ տեսակցությունների ու հեռախոսազանգերի իրավունք, որի մասին արդեն նշել եմ։
Ինչպես արդեն գրել և ասել եմ Ձեզ 2026 թվականի գարնանը, ստեղծված իրավիճակում Դուք միակ մարմինն եք, որը կարող է ստանձնել մարդասիրական միջնորդի դեր 19 դատապարտյալների և նրանց ընտանիքների միջև։
Անցած տարվա հունիսից նրանց մեծամասնությունը ոչ միայն զրկված է ծանրոցներ ստանալու հնարավորությունից, այլև նույնիսկ չունի խանութից սննդամթերք գնելու կամ հեռախոսազանգեր կատարելու միջոցներ։ Իմ կարծիքով, դա չափազանց բացասաբար է անդրադառնում նրանց ընդհանուր հոգեբանական վիճակի վրա։
Ցավոք, չնայած 2025 թվականի օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագրին և երկու երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բազմաթիվ շփումներին, այս հարցն առ այսօր լուծված չէ։
Ափսոսում եմ, որ Դուք հնարավոր չհամարեցիք կամ ժամանակ չգտաք արձագանքելու իմ կնոջ՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացու հրապարակային դիմումին։ Նա պատրաստ էր մի քանի այլ անձանց հետ գալ և իր հետ բերել 19 դատապարտյալներին հասցեագրված 1000-ից ավելի նամակներ, ծանրոցներ և դատապարտյալների համար անհրաժեշտ այլ իրեր, և որ չափազանց կարևոր էր՝ աջակցել նրանց այս իրավիճակում բնականոն կենսակերպ պահպանելուն։ Դուք նույնիսկ այլընտրանքային լուծում չառաջարկեցիք։
Վստահ եմ, որ այս բոլոր հարցերի լուծումը չի պահանջում հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղիղ միջամտությունը և միայն կնպաստի մեր երկու ժողովուրդների միջև հարաբերությունների բարելավմանը՝ չնայած ծանր անցյալին և փոխադարձ վիրավորանքի հսկայական բեռին։
Անկախ նրանից, թե դեռ որքան ժամանակ ենք անցկացնելու Ումբակիում, խնդրում եմ՝ հետևեք ձեր իսկ օրենքներին։ Կարծում եմ՝ դա ճիշտ է ոչ միայն մեր, այլև ադրբեջանական հասարակության համար։
Համոզված եմ, որ Դուք կարող եք լուծել այս խնդիրները։ Հույս ունեմ, որ ի վերջո կգտնեք մեզ հետ հանդիպելու ժամանակ և կարձագանքեք իմ դիմումին՝
Հարգանքով՝
Ռուբեն Վարդանյան