Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի գործի իրավական վերլուծության վերաբերյալ զեկույցը

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ռուբեն Վարդանյանի գործի իրավական վերլուծության վերաբերյալ զեկույցը

 

2026 թվականի հոկտեմբերի 26-ին Հայ դատի կենտրոնական խորհուրդը (Armenian National Committee – International) հրապարակել է “Justice” According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի)  զեկույցը, որը միավորում է միջազգային իրավունքի փորձագետ Տարոն Սիմոնյանի կողմից  Ռուբեն Վարդանյանի գործով դատավճռի 15 իրավական վերլուծությունները։  Փաստաթուղթը ներառում է նաև եզրափակիչ բաժին, որտեղ անդրադարձ է արվում գործի իրավական հետևանքներին, միջազգային արձագանքին, ինչպես նաև հետագա գործողության կոչ է արվում։

Ստորև ներկայացնում ենք հայերեն  զեկույցի եզրակացությունը։

Ամբողջությամբ փաստաթուղթը  հասանելի է այստեղ։

Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է նաև առանձին անգլերեն հատուկ զեկույց, որը լրացնում է հայերեն ժողովածուն։ Երկու հրատարակությունները նույնական չեն և առաջարկում են Վարդանյանի գործի շուրջ իրավական հարցերի փոխլրացնող դիտանկյուններ։

Եզրակացություն

Այս տասնհինգ հրապարակումների համադրությունից առաջանում է երեք առանցքային հարց՝ (ա) արդյո՞ք մեղադրանքների առանձին դրվագները բավարար չափով կապվել են Վարդանյանի անձնական գործողությունների և դիտավորության հետ, (բ) արդյո՞ք դատավճռի քրեաիրավական որակումներն ու պատիժները համապատասխանում են կիրառվող օրենսդրությանը, և (գ) ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Արցախի պետական ու հասարակական հաստատությունները մեկ ընդհանուր «հանցավոր կազմակերպության» շրջանակում մեկնաբանելու մոտեցումը։

Ժամանակագրության և անհատական պատասխանատվության հարցը

Շարքի բազմաթիվ հոդվածներում Սիմոնյանը մատնանշում է դրվագներ, որոնք նախորդում են Վարդանյանի Արցախ տեղափոխվելուն կամ պետնախարարի պաշտոնավարման շրջանին։ Այս հակադրությունը վճռորոշ է. ինչպես ցույց են տալիս շարքի նյութերը, դատարանը գրեթե ոչ մի դրվագում չի ներկայացրել ապացույցներ, որոնք Վարդանյանին կկապեին առանձին հանցակազմի հետ, և անհատական մեղքը փոխարինել է «հանցավոր կազմակերպությանը» պատկանելու հավաքական տեսությամբ։

Իրավաբանների միջազգային հանձնաժողովը ևս նշում է, որ 1988 թվականին վերաբերող մեղադրանքները, երբ Վարդանյանը Մոսկվայի պետական համալսարանի ուսանող էր, «հիմնարար մտահոգություններ են առաջացնում օրինականության սկզբունքի տեսանկյունից» և հուշում են քրեական օրենքի կամայական կիրառման մասին։

Դատավճռի տեքստի ստուգումը հաստատում է Սիմոնյանի դիտարկումները. դատարանում հարցաքննված 540 տուժողից և 77 իրավահաջորդից միայն երեքն են հիշատակում Վարդանյանի անունը՝ առանց նրա որևէ արարք նկարագրելու, իսկ դատավճռում վկայակոչված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացությունից ոչ մեկում նրա անունը չկա։

Հակամարտության բոլոր զոհերի և տեղահանվածների ողբերգությունն արժանի է հարգանքի, սակայն երեք տասնամյակի իրադարձությունների պատասխանատվությունը մեկ անձի վրա դնելն արդարադատություն չէ, այլ քաղաքական հաշվեհարդար։

Դատավճռի ներքին անհամապատասխանություններ

Առաջնային փաստաթղթերի նախնական համեմատությունը բացահայտել է մի շարք կոպիտ ներքին հակասություններ։

Դատավճռի սկզբում Վարդանյանը նշվում է որպես նախկինում չդատապարտված, մինչդեռ պատժի ծանրացնող հանգամանքների քննարկման մեջ հիշատակվում է հանցագործությունների կրկնությունը (ռեցիդիվը)։

Դատավճռի պատիժների ցուցակում առկա է ՔՕ 214-2 հոդվածով 14 տարվա ազատազրկում, թեև այդ հոդվածը 1969 էջանոց մեղադրական եզրակացության մեջ ընդհանրապես չի հիշատակվում, իսկ 1864 էջանոց դատավճռում հանդիպում է միայն մեկ անգամ՝ պատիժների ցանկում։

Տարոն Սիմոնյանը, բացի այդ, մատնանշում է, որ դատավճիռը ցուցմունք տալուց Վարդանյանի հրաժարումը դիտարկում է որպես մեղքի ապացույց, մինչդեռ դա ամբաստանյալի սահմանադրական իրավունքն է։

Ինչ վերաբերում է ՔՕ 270-1.2 հոդվածին, դատարանը, արձանագրելով վաղեմության ժամկետի լրանալը, Վարդանյանին մեղավոր է ճանաչել առանց պատիժ նշանակելու՝ վկայակոչելով ՔԴՕ 44.2.1 հոդվածը. այդ ընթացակարգի իրավաչափությունը տվյալ հանգամանքներում պահանջում է առանձին քննություն։

Մեղադրանքների մեջ ընդհանրապես չհիշատակվող և մեղավոր ճանաչման մասում բացակայող հոդվածով պատիժ նշանակելը խախտում է ամբաստանյալի՝ իրեն ներկայացված մեղադրանքի մասին հստակ տեղեկացված լինելու և դրանից պաշտպանվելու իրավունքը՝ արդար դատաքննության անկյունաքարը։

Այս հանգամանքների իրավական հետևանքների լիարժեք գնահատումը պահանջում է օրենսգրքի կիրառելի խմբագրության և դատարանի պատճառաբանության առանձին քննություն։

ՀԴԿԽ-ի անգլերեն հատուկ զեկույցը ներկայացնում է այդ հակասությունները՝ մեղադրական եզրակացության և դատավճռի էջային հղումներով։

Ավելի լայն իրավական և պետական հետևանքները

Սեպտեմբերի 28-ի հարցազրույցում Սիմոնյանի ներկայացրած մտահոգությունը վերաբերում էր այն հնարավորությանը, որ դատավճռով կառուցվող պատմաիրավական ընդհանուր պատկերը կարող է ծառայել նոր պահանջների հիմնավորմանը՝ Հայաստանի դեմ։

Ժողովածուի նյութերը փաստում են, որ նման լայն շրջանակ իրապես օգտագործվում է մեղադրանքի տեքստում, և այդ վտանգը չի կարելի անտեսել. Արցախի ողջ պետական համակարգը «հանցավոր կազմակերպություն» որակող դատական նախադեպը կարող է օգտագործվել ինչպես Հայաստանի դեմ նոր պահանջներ ներկայացնելու, այնպես էլ Արցախի հայության՝ իր հայրենիք անվտանգ և արժանապատիվ վերադառնալու իրավունքը ժխտելու համար։

Մյուս հարցը վերաբերում է բանտարկյալների իրավունքների պաշտպանության հնարավոր միջոցներին։ Սիմոնյանը կարևորել է Հայաստանի կողմից միջպետական պայմանագրային և դատական մեխանիզմների քննարկումը։

Միջազգային իրավական պաշտպանության ճանապարհն արդեն բացված է. 2026 թվականի հուլիսին Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել Վարդանյանի դիմումը, իսկ օգոստոսի 21-ին՝ համատեղ գործով դատապարտված 15 հայ բանտարկյալների դիմումը՝ Կոնվենցիայի 6-րդ (արդար դատաքննության իրավունք) և 7-րդ (պատիժ միայն օրենքի հիման վրա) հոդվածների խախտման պնդմամբ։

ՀԴԿԽ-ն Հայաստանի Հանրապետության պատկան մարմիններին կոչ է անում լիարժեքորեն օգտագործել բոլոր հասանելի միջպետական, պայմանագրային և դատական մեխանիզմները՝ հայ գերիների իրավունքները պաշտպանելու և նրանց հայրենիք վերադարձն ապահովելու համար։

Միջազգային արձագանքը

Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը միանշանակ է։ 2025 թվականի մարտի 13-ի, 2026 թվականի ապրիլի 30-ի և 2026 թվականի հոկտեմբերի 8-ի բանաձևերով այն դատապարտել է հայ գերիների, պատանդների և բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների կալանքը և պահանջել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակումը։

2025 թվականի բանաձևն այդ դատավարություններն ուղղակիորեն անվանել է «կեղծ դատավարություններ» և կոչ արել պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները խախտող ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ, իսկ 2026 թվականի հոկտեմբերի բանաձևը ԵՄ–Ադրբեջան ապագա գործընկերային համաձայնագիրը պայմանավորել է մարդու իրավունքների շոշափելի բարելավմամբ, այդ թվում՝ քաղաքական բանտարկյալների ազատ արձակմամբ։

Ապրիլյան բանաձևին ի պատասխան՝ Ադրբեջանը կանչել է ԵՄ դեսպանին, իսկ Ադրբեջանի խորհրդարանը հայտարարել է Եվրոպական խորհրդարանի հետ կապերը խզելու մասին։

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ևս 2025 թվականի հունվարի 27-ի թիվ 2580 բանաձևով կրկին կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի կալանավորված ներկայացուցիչներին և Ադրբեջանում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, իսկ 2026 թվականի հունվարին ընդունված բանաձևով պահանջել է անհապաղ ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով կալանավորված բոլոր անձանց, «այդ թվում՝ 23 հայ կալանավորվածներին»։

Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքը 2025 թվականի մարտի 3-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 58-րդ նստաշրջանում հայտարարել է.

«Ադրբեջանում կամայականորեն կալանավորված բոլոր անձինք, այդ թվում՝ էթնիկ հայերը, պետք է անհապաղ ազատ արձակվեն»։

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերտին 2025 թվականի ապրիլի 7-ին ԵԽԽՎ-ում հայտարարել է, որ հայ բանտարկյալների վիճակն իր առաջնահերթություններից է, որ հետևում է նրանց դատավարություններին և երկու անգամ թույլտվություն է խնդրել այցելելու Բաքու։

ԱՄՆ-ում սենատորներ Գարի Փիթերսը, Էդվարդ Մարկին, Բիլ Քասիդին և Թոմ Թիլիսը դեռևս 2024 թվականի ապրիլի 4-ին պետքարտուղարին ուղղված նամակում, անվանապես նշելով Ռուբեն Վարդանյանին, կոչ էին արել Արցախի կալանավորված ղեկավարների ազատ արձակումը դարձնել առաջնահերթություն, այդ թվում՝ որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև ցանկացած խաղաղության համաձայնագրի պայման։

2026 թվականի հուլիսի 22-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 44 կողմ, 7 դեմ ձայներով ընդունել է կոնգրեսական Բրեդ Շերմանի ուղղումը, որով Ադրբեջանին կոչ է արվում անհապաղ և անվերապահ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։

Իսկ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին Կոնգրեսի 101 անդամ (26 սենատոր և 75 ներկայացուցիչ) պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել կասեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ այն չի ազատ արձակել հայ բանտարկյալներին, չի ապահովել հայկական մշակութային ժառանգության պաշտպանությունը և իր զորքերը դուրս չի բերել Հայաստանի տարածքից։

Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին 2025 թվականի հունվարին՝ Բաքվի դատավարությունների մեկնարկին, կոչ է արել «անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և Ադրբեջանում կամայականորեն կալանավորված էթնիկ հայերին», իսկ 2026 թվականի հունվարի 15-ին Կանադան չորս հայ բանտարկյալների ազատ արձակումը ողջունել է որպես «դրական քայլ արդար և տևական խաղաղության ճանապարհին»՝ հավելելով.

«․․․ակնկալում ենք վստահության ամրապնդման միջոցառումների շարունակում, այդ թվում՝ բանտարկյալների հետագա ազատ արձակումներ, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը առաջ են շարժվում դեպի փոխադարձ խաղաղություն և բարգավաճում»։

Միացյալ Թագավորության կառավարությունը 2025 թվականի մարտին Լորդերի պալատում հայտարարել է, որ շարունակում է կոչ անել ազատ արձակելու մնացած բոլոր ռազմագերիներին, և որ Ադրբեջանից պահանջել է 2023 թվականի սեպտեմբերից հետո կալանավորվածների համար ապահովել արդար դատաքննություն և անվտանգ պահման պայմաններ։

Բրիտանական խորհրդարանի Հայաստանի հարցերով միջկուսակցական խմբի նախագահ Ջեսիկա Մորդենը և խմբի փոխնախագահները 2025 թվականի ապրիլի 1-ին կառավարությանը կոչ են արել ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող 23 հայ բանտարկյալների ազատ արձակման համար, և առանձնահատուկ մտահոգություն են հայտնել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի կապակցությամբ։

Ֆրանսիայի Ազգային ժողովը 2026 թվականի փետրվարի 3-ին 183 կողմ, 0 դեմ ձայներով ընդունել է բանաձև, որով դատապարտում է «Արցախի Հանրապետության քաղաքական ղեկավարների կամայական բանտարկությունն ու դատավարությունը» և պահանջում «նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակումը». բանաձևի նախաբանում արձանագրված է, որ նրանք դատվում են ռազմական դատարանում՝ «անհիմն, անգամ ամբողջովին կեղծված» մեղադրանքներով, որ նախնական նիստերն անցկացվել են գաղտնի, և որ միջազգային դիտորդների, հասարակական կազմակերպությունների ու օտարերկրյա լրատվամիջոցների մուտքն արգելված է։

Ֆրանսիայի Սենատը դեռևս 2024 թվականի հունվարի 17-ին պահանջել էր Արցախի ղեկավարների անհապաղ ազատ արձակումը, իսկ Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարությունը 2026 թվականի հունիսին հայտարարել է, որ Ֆրանսիան «կոչ է անում ազատ արձակել Ադրբեջանում կամայականորեն կալանավորված բոլոր անձանց»։

ՀԴԿԽ-ի պահանջները

Ելնելով սույն ժողովածուում ներկայացված փաստերից՝ Հայ դատի կենտրոնական խորհուրդը միջազգային հանրությունից, ՄԱԿ-ից, Եվրոպայի խորհրդից, ԵԱՀԿ-ից, Եվրոպական միությունից և առանձին պետությունների կառավարություններից ու խորհրդարաններից պահանջում է՝

– Ռուբեն Վարդանյանի և Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ու բանտարկյալների, այդ թվում՝ Արցախի նախկին ղեկավարների, անհապաղ և անվերապահ ազատ արձակում.

– Բաքվի ռազմական դատարանի դատավճռի հրապարակային գնահատում՝ որպես արդար դատաքննության միջազգային չափանիշները կոպտորեն խախտող ակտի.

– Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (որի ներկայացուցչությունն Ադրբեջանը փակել է 2025 թվականի սեպտեմբերին), ԵԱՀԿ-ի և դրա Խորհրդարանական վեհաժողովի, ՄԱԿ-ի հատուկ զեկուցողների և Եվրոպայի խորհրդի մարմինների համար բանտարկյալներին անարգել և կանոնավոր այցելելու հնարավորության ապահովում.

– Ադրբեջանի հետ բոլոր երկկողմ և բազմակողմ ձևաչափերում հայ բանտարկյալների ազատ արձակման և մարդու իրավունքների հարցերի առաջնահերթ ներառում, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում, քանի որ 2025 թվականի օգոստոսին Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագիրը հայ բանտարկյալների վերաբերյալ որևէ դրույթ չի պարունակում.

– Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Վարդանյանի և մյուս հայ բանտարկյալների դիմումներին աջակցություն, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների կողմից երրորդ կողմի միջամտության միջոցով.

– Հայ բանտարկյալների կամայական կալանքի և նրանց նկատմամբ վատ վերաբերմունքի համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ թիրախային պատժամիջոցների կիրառում, ինչպես կոչ է արել Եվրոպական խորհրդարանը։

Հրապարակված վերլուծությունների ամբողջական պահպանումն ու դրանց հետագա մասնագիտական քննությունը մեր ընդհանուր նպատակն են։

Հետևաբար, այս հայերեն հրատարակության ավարտը չի նշանակում իրավական հետազոտության ավարտ. այն փաստաթղթային հիմք է դառնում ավելի խորացված, քննադատական ու ստուգելի քննարկումների, ինչպես նաև միջազգային ատյաններում հետագա իրավապաշտպան քայլերի համար։