Ազատություն Ռուբեն Վարդանյանին եւ բոլոր հայ բանտարկյալներին
Միացեք Բաքվի հայ բանտարկյալների անհապաղ ազատ արձակման կոչին
Բարերար, մարդասեր, Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալվել է և ապօրինի կալանքի տակ է գտնվում մյուս հայ գործիչների հետ: Ժամանակն է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհապաղ ազատ արձակի նրանց:
Վառելիքի, դեղորայքի և սննդամթերքի իննամսյա ապօրինի շրջափակումից հետո սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն սկսեց ռազմական հարձակում՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի հետևանքով եղան հարյուրավոր զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական անձանց շրջանում, և հազարավոր վիրավորներ։ Այդ ներխուժումը հանգեցրեց այնտեղից ազգությամբ գրեթե բոլոր՝ 120,000 էթնիկ հայերի բռնի տեղահանմանը: Աշխարհի մեծ մասի համոզմամբ, կատարվածն աներկբայորեն էթնիկ զտում է¹: Իրավապաշտպան խմբերն Ադրբեջանի գործողությունները որակել են որպես ցեղասպանություն² ։
Հայաստան մեկնել փորձելիս ապօրինաբար կալանավորվել է հայտնի հայ բարերար, հումանիստ, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրա ձերբակալությունը մտահոգիչ է հատկապես այն պատճառով, որ նրա շնորհիվ Լեռնային Ղարաբաղին ցուցաբերվող միջազգային ուշադրությունը նրան դարձրել էր Բաքվի կառավարության թիրախ: Ռուբենը մեկն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն բնակիչներից, որոնք վերջերս կամայականորեն ձերբակալվել են քաղաքական դրդապատճառներով և ապօրինաբար պահվում են կալանքի տակ։ Ձերբակալված են նաև Հանրապետության երեք նախկին նախագահները՝ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը և նախկին ու ներկա այլ պաշտոնյաներ՝ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը։ Բազմաթիվ այլ հայեր ևս շարունակում են ապօրինաբար բանտարկված մնալ։ Խիստ մտահոգիչ է բանտարկյալների առողջության և կալանքի պայմանների մասին չափազանց սուղ տեղեկատվությունը:
Այդ անձինք կալանավորված են ներպետական և միջազգային իրավունքի ակնհայտ խախտումներով, ներառյալ մարդու իրավունքների ՄԱԿ-ի և եվրոպական կոնվենցիաները, որոնց միացած է Ադրբեջանը:
Խորը մտահոգության տեղիք են տալիս նրանց կալանքի պայմանները, ինչպես նաև ընտանիքների հետ անբավարար շփումները, կանոնավոր անկախ մշտադիտարկման կամ հյուպատոսական հասանելիության բացակայությունը և տեղական ու միջազգային իրավաբանների մուտքի մերժումը: Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավական չափորոշիչները և մարդու իրավունքները, որոնցից կախված են խաղաղությունն ու կայունությունը։
Յուրաքանչյուր օրը կարևոր է բանտարկյալների կյանքի համար: Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած համաձայնագիր պետք է ներառի նրանց ազատումը։
Նախագահ Իլհամ Ալիևին կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ապօրինաբար ձերբակալված բոլոր անձանց։
¹Եվրախորհրդարանի 2023 թ. հոկտեմբերի 5-ի բանաձևում ասվում է, որ «տեղի հայ բնակչության ընթացիկ բռնի արտագաղթը… համարժեք է էթնիկ զտման։ Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ, պատերազմական հանցագործությունների հարցերով ԱՄՆ նախկին դեսպան Դեյվիդ Շեֆերը հայտարարում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը «էթնիկ զտման է ենթարկվում կայծակնային արագությամբ»:
²Genocide Watch-ը, Լեմկին ինստիտուտը, Save Karabakh կոալիցիան, ՄՔԴ նախկին դատախազ Օկամպոն և հայկական կազմակերպությունները զգուշացրել են, որ 2022 թվականից ի վեր Լեռնային Ղարաբաղում տեղի է ունենում ցեղասպանություն:
Բարերար Ռուբեն Վարդանյանը եւ ավելի քան 50 հայեր ապօրինի ձերբակալվել են Ադրբեջանի կառավարության կողմից: Նրանք կալանքի տակ են գտնվում Բաքվում՝ անհիմն մեղադրանքներով: