The Washington Post-ում Դեյվիդ Իգնաթիուսն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանն ու կոչ արել նախագահ Թրամփին կատարել իր խոստումը

The Washington Post-ում Դեյվիդ Իգնաթիուսն անդրադարձել է  Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանն ու  կոչ արել նախագահ Թրամփին կատարել իր խոստումը

The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնաթիուսն անդրադարձել է Բաքվում ընթացող Ռուբեն Վարդանյանի կեղծ դատավարությանն ու կոչ արել  նախագահ Թրամփին կատարել իր խոստումը: Իգնաթիուսի սյունակի թարգմանությունը ստորև ներկայացվում է որոշ կրճատումներով.

«Ռուբեն Վարդանյանին դատում են Ադրբեջանում։ Ո՞րն է նրա հանցանքը։ Ուրիշներին օգնելը։

Աշխարհում այսքան մեծաթիվ տառապանքների ֆոնին՝ առանձին անհատների ​​դեպքերը կարող են աննկատ մնալ: Սակայն ես ուզում եմ պատմել Ռուբեն Վարդանյան անունով մի մարդու ճակատագրի մասին․ մի քաղբանտարկյալի, որն Ադրբեջանում կանգնել է դատարանի առջև, որին սպառնում է ցմահ ազատազրկում, և որի գործն ավելի մեծ ուշադրության է արժանի: Վարդանյանի հանցանքը, եթե կարող եք դա այդպես անվանել, այն է, որ նա սատարել է հայկական դիմադրությունը Լեռնային Ղարաբաղում՝ կովկասյան մի հեռավոր տարածաշրջանի, որն իրավական առումով Ադրբեջանի մաս է համարվում, սակայն որն ինքնավար էր և որի բնակչությունը ժամանակին առավելապես հայեր էին: Հիմա, սակայն, դա այդպես չէ․ 2023 թվականի սեպտեմբերին տարածաշրջանի 120 հազար հայերը փախել են, երբ ադրբեջանական զորքը ներխուժել է տարածք: Վարդանյանը ձերբակալվել է, երբ փորձել է հատել Հայաստանի հետ սահմանը։

Վարդանյանը նահատակի կերպար չունի։ Նա գործարար է, որը գումար է վաստակել՝ լինելով ներդրումային բանկիր՝ հետխորհրդային Ռուսաստանի վայրի ժամանակներում, այնուհետև սկսել է այդ գումարը նվիրաբերել բարի գործերի համար: 2014 թվականին Հայաստանի Դիլիջան քաղաքում նա հիմնադրել է միջազգային դպրոց՝ իր փոքր ու փխրուն երկիրն աշխարհի հետ կապելու համար։

2015 թվականին էլ Վարդանյանը համահիմնադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որի աջակիցների թվում են այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ջորջ Քլունին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին գերագույն հանձնակատար Մերի Ռոբինսոնը և մի քանի Նոբելյան դափնեկիրներ։

«Ավրորայի» կարգախոսն է՝ «Երախտագիտությունն՝ ի գործ»: Վարդանյանի գաղափարն էր պատվի արժանացնել ամբողջ աշխարհի այն մարդկանց, որոնք մեր օրերում անշահախնդիր կերպով օգնում են ուրիշներին, ճիշտ այնպես, ինչպես պարկեշտ մարդիկ օգնել էին Ռուբենի նախապապին՝ Համայակ Վարդանյանին 1915 թ. Հայոց ցեղասպանության ժամանակ։ Այդ սարսափելի իրադարձությանը զայրույթով հետադարձ հայացք գցելու փոխարեն՝ Վարդանյանն ուզում էր առաջ նայել հույսով՝ նշանավորելով այն, ինչը լավագույնն է մարդկային հոգու մեջ։

Ես պետք է հստակեցնեմ, որ ես Ռուբեն Վարդանյանի գործի չեզոք դիտորդը չեմ։  Նա իմ ընկերն է մեկ տասնամյակ շարունակ, և ես 2016 թվականից ի վեր եղել եմ «Ավրորա» ամենամյա մրցանակաբաշխության արարողության անվարձահատույց հանդիսավարը: Սա անձնական հարց է. հորս ընտանիքը հայկական է, և «Ավրորային» օգնելով՝ ես ուզում էի իմ երախտագիտությունը հայտնել նրանց, ովքեր փրկել էին իմ նախնիներին Օսմանյան կայսրության տարիներին:

Վարդանյանի դատավարությունը սկսվել է Բաքվում. Ադրբեջանը նրան 46 մեղադրանք է ներկայացրել՝ ահաբեկչությունից մինչև կազմակերպված հանցագործություն։ Սակայն, իրականում, նրա բոլոր անախորժությունները բխում են 2022 թվականին Ղարաբաղ տեղափոխվելու և այնտեղի պետական նախարար, ինչպես նաև հայ բնակչության բացահայտ պաշտպանը դառնալու որոշումից:

Այս հորձանուտի մեջ նետվելը վտանգավոր էր։ Վարդանյանը, սակայն, իր դստերն ասել է, որ չի կարող հաշտ ապրել ինքն իր հետ, եթե չփորձի օգնել իր հայրենակիցներին, որոնք իրենց պատմության ընթացքում այդքան ողբերգությունների միջով են անցել։ Դա հենց երախտագիտություն էր՝ գործողության մեջ:

Աղետը չուշացավ. 2022-ի դեկտեմբերին Ադրբեջանը շրջափակեց Ղարաբաղը՝ զրկելով դեղորայքից, վառելիքից եւ առաջին անհրաժեշտության այլ պարագաներից։ Հայերը փորձում էին պաշտպանել իրենց տները, ընտանիքներն ու եկեղեցիները։ Բայց երբ 2023-ի սեպտեմբերին ներխուժեցին ադրբեջանցի զինվորները, նրանք փախան՝ թողնելով  տարածաշրջանը: Այդ ժամանակվանից Վարդանյանը ադրբեջանական բանտախցում է։

«Ռուբենը տարված էր Ղարաբաղի հայկական բնույթը փրկելու գաղափարով եւ իր ազատությամբ վճարեց այդ նվիրման համար», – ասում է նրա ընկեր Վահան Զանոյանը՝ էներգետիկայի ոլորտի ամերիկահայ խորհրդատու, որն այժմ ապրում է Հայաստանում։ Ադրբեջանի ներխուժումից 10 առաջ Զանոյանը զանգահարել եւ հորդորել է Վարդանյանին հեռանալ։ Նա մերժել է:  Զանոյանը կրկին հաղորդագրություն  է ուղարկել նրան, երբ ադրբեջանական զորքերը մտել էին Ղարաբաղի մայրաքաղաք։ Այդ ժամանակ արդեն ուշ էր։

Amnesty International-ի պաշտոնյան անցած ամիս ասաց, որ Վարդանյանի գործը «լուրջ մեղադրանքներ է առաջացրել մարդու իրավունքների խախտումների մասին, ներառյալ դաժան վերաբերմունք կալանավայրում, գործի կեղծված նյութերը ստորագրելու հարկադրանք եւ պաշտպանությանը նախապատրաստվելու հնարավորության մերժում»:

Ամերիկացի հայտնի իրավապաշտպան Ջարեդ Գենսերին, որը ներկայացնում է Վարդանյանին, թույլ չեն տվել այցելել իր պաշտպանյալին բանտում։
«Այս դատավարությունը քաղաքական շոու է: Սրա պատճառը նրա աջակցությունն է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի քաղաքական իրավունքների պաշտպանությանը»,-ասում է Գենսերը:

Ամերիկացիներից շատերը չգիտեն Հայաստանի մասին, էլ չասած՝ ղարաբաղյան հակամարտության: Բայց մի կարևոր փաստ կա. Հայաստանն առաջինն է, որ ընդունել է քրիստոնեությունը և թանկ է վճարել իր հավատի համար գերազանցապես մահմեդականներով բնակեցված տարածաշրջանում: Վարդանյանն ինքը հայ ուղղափառ քրիստոնյա է, բայց նա հոգով միշտ էկումենիկ է եղել: Եվ իսկապես, «Ավրորայի» մրցանակակիրների մեծ մասը մահմադականներ են:

Նախագահ Դոնալդ Թրամփը հոկտեմբերի 23-ին Truth Social  ցանցում գրել էր հետևյալը: «Երբ դառնամ նախագահ, պաշտպանելու եմ հալածյալ քւրիստոնյաներին, աշխատելու եմ կանգնեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և  վերականգնելու ենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»:

Հիմա հնարավորություն ունեք կատարելու այդ խոստումը, պարո՛ն նախագահ, օգնելով պարկեշտ մարդուն խուսափել հետապնդումից»: