Նախապատմություն

Լեռնային Ղարաբաղի
պատմությունը

Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում հայերը բնակվել են մ․թ․ա․ 1-ին հազարամյակից՝ Մեծ Հայքի թագավորության կազմում։ 1921 թվականին, չնայած այն հանգամանքին, որ Արցախի բնակչության 90 տոկոսը հայեր էին, Իոսիֆ Ստալինի որոշմամբ՝ այն հանձնվում է Խորհրդային Ադրբեջանին՝ առանց իրավական որևէ հիմքի։ Այդ իրադարձությանը նախորդել էր 1920 թվականին Հայաստանի բռնազավթումը խորհրդա-թուրքական ուժերի կողմից։ Հայերի նկատմամբ խտրականությունը լայնորեն տարածված էր 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին, ինչը պայմանավորված էր Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականությամբ: Էթնիկ ատելությունն ու այլատյացությունը նոր թափով բռնկվում են ԽՍՀՄ գոյության վերջին օրերին․ Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում իրականացվում են հայերի ջարդեր (1988-1990 թթ.), ինչպես նաև տեղի է ունենում այսպես կոչված «Օղակ» օպերացիան։

Եվս մեկ ցեղասպանություն կանխելու համար Լեռնային Ղարաբաղի հայերը հանրաքվե են անցկացնում՝ Խորհրդային Հայաստանին միանալու նպատակով, սակայն, Ադրբեջանը որոշում է հարցը լուծել ուժով՝ հերթական ռազմական ագրեսիայի միջոցով։ Հայերն էլ ստիպված են լինում պայքարել սեփական գոյության համար․ այդ ճակատամարտը հայերը հաղթում են, ինչին էլ հաջորդում է հրադադարի պայմանագրի ստորագրումը 1994 թվականին։ Չնայած դրան՝ խաղաղություն այդպես էլ չի հաստատվում։ Սառեցված պատերազմը տևում է մինչև 2020 թվականը․ այդ տարի Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա է սանձազերծում, ինչն էլ հանգեցնում է տարածքային կորուստների և 40 հազար տեղահանված հայերի։ Պատերազմն ավարտվում է 2020 թվականի նոյեմբերին՝ Եռակողմ հայտարարության ստորագրմամբ, որից անմիջապես հետո Արցախում տեղակայվում է ռուս խաղաղապահ առաքելության զորախումբը։

2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին ագրեսիա է սանձազերծում արցախահայերի դեմ։ Այս հարձակմանը նախորդել էր իննամսյա շրջափակումը, որի նպատակն էր սովի մատնել և դուրս մղել Արցախի էթնիկ հայ բնակչությանը։ Այդ հերթական ագրեսիայի հետևանքով մոտ 120 հազար հայ է բռնագաղթում․ Արցախը ենթարկվում է էթնիկ զտման, նաև շարունակվում է Լեռնային Ղարաբաղի հայկական սրբավայրերի և մշակութային հուշարձանների համակարգված ոչնչացումը:

Artsakh (1)