Բաքվի բանտարկյալները
Մայրաքաղաքից (Ստեփանակերտ) հարյուր հազարից ավելի հայերի զանգվածային արտաքսման ժամանակ Ադրբեջանի կառավարությունը անօրինական կերպով կալանավորել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության ութ նախկին անդամների և Արցախի ինքնորոշման կողմնակիցների: Կալանավորվածների թվում են հայ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը, որը ծառայել է որպես Արցախի պետնախարար, Հանրապետության երեք նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը, և նախկին այլ պաշտոնյաներ Դավիթ Բաբայանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը:
2026 թ․ փետրվարի 5-ին Բաքվում տեղի ունեցած դատական գործընթացներից հետո անօրինական կերպով կալանավորված հայերի դեմ կայացվել են մի շարք դատավճիռներ։ Այս գործընթացը ևս նշանավորվել է պատշաճ դատավարության և արդար դատաքննության չափանիշների բազմաթիվ խախտումներով:
Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման: Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման ադրբեջանական օրենսդրության տարիքային սահմանափակումների պատճառով:
Նույն դատավարության ընթացքում հայ ռազմագերիների նկատմամբ ևս կայացվել են երկարատև ազատազրկման վճիռներ․
- Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի,
- Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի,
- Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը և Վասիլի Բեգլարյանը՝ 15 տարի,
- Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 տարի։
Ավելի վաղ՝ 2026 թ․ հունվարի 14-ին, Ադրբեջանը ազատ էր արձակել ապօրինի կալանավորված չորս հայ ռազմագերիների՝ Վագիֆ Խաչատրյանին, Վիգեն Էուլջեքջյանին, Գևորգ Սուջյանին և Դավիթ Դավթյանին՝ նրանց փոխանակելով երկու սիրիացի վարձկանների հետ, որոնց հայկական ուժերը գերի էին վերցրել 2020 թ․ նոյեմբերին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից կռվելու ժամանակ։
Չորս հայերը մարտական գործողությունների մասնակիցներ չեն եղել, նրանց մեղադրանքներ են առաջադրել քաղաքական դրդապատճառներով։ Այս անձանց սպառնում էր մինչև 15 տարի ազատազրկում։ Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր 2023 թ․, երբ ԿԽՄԿ-ն նրան տարհանում էր բժշկական նկատառումներով։ Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքջյանը կալանավորված էր 2020 թ․-ից։ Նա գերևարվել էր Լաչինի միջանցքում, հրադադարից հետո։ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը գերևարվել էին հրադադարից մեկ օր անց, չնայած քաղաքացիական անձինք էին և բարեգործական ՀԿ-ի հիմնադիրներ։
Մինչդեռ Հայաստանի կողմից ազատ արձակված երկու սիրիացի վարձկանները դատավարության ընթացքում խոստովանել էին, որ հավաքագրվել են Ադրբեջանի կողմից կռվելու համար և ստացել են նյութական խրախուսանքներ, այդ թվում՝ ծայրահեղ բռնության ակտերի համար:
Նշված հայ բանտարկյալները շարունակում են մնալ կալանքի տակ ներպետական և միջազգային մի շարք օրենքների ակնհայտ խախտմամբ։ Այդ թվում՝
- Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR),
- Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ECHR),
- Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի (III) կոնվենցիայի (1949թ.),
- Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի,
- Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի,
- Պատանդառության դեմ միջազգային կոնվենցիայի:
Խորապես մտահոգիչ է, որ Ադրբեջանը, լինելով միջազգային իրավական նշված փաստաթղթերի կողմ, խախտում է իր իսկ հիմնարար պարտավորությունները։
