Ռուբեն Վարդանյանը խնդրել է իր ընտանիքին` ևս մեկ անգամ սրտանց երախտագիտություն հայտնել իր բոլոր աջակիցներին և փոխանցել իր որոշ մտորումները, որոնք, ըստ Ռուբենի, կարող են օգտակար լինել աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց համար:
Մաս 1-ին
«Ես ուզում եմ երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մտածում են իմ մասին, մտահոգվում են, աղոթում են, նամակներ են գրում, մտովի խոսում են ինձ հետ և պարզապես անտարբեր չեն այն ամենի նկատմամբ, ինչ տեղի է ունենում այսօր աշխարհում և բոլորիս հետ:
Այս խոսքերն ուզում եմ նվիրել իմ ուսուցիչներին՝ իմ սիրելի ծնողներին, որոնք, ցավոք, այլևս չկան, և իմ սիրելի ավագ քրոջը։ Հենց նրանք են օգնել ինձ տեսնելու այս աշխարհի գեղեցկությունը և առաջնորդել են դեպի այն ուղին, որն անցնելով՝ ես բացահայտելու էի աշխարհն ու ինքս ինձ: Միաժամանակ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց դերակատարումն են ունեցել իմ կայացման գործում, այնպիսին, ինչպիսին ես այսօր կամ:
Յուրաքանչյուրս յուրովի ենք լսում և ըմբռնում միևնույն բառերը: Հետևաբար, յուրաքանչյուր մարդ պետք է հասնի սեփական ըմբռնմանը՝ «հղիության» ցավոտ, երբեմն տանջալից ու դժվարին գործընթացի միջոցով, և պատրաստ լինի երկունքի ցավերին, որոնք կարող են լինել նույնքան ծանր և նույնիսկ կյանքին սպառնացող, որքան իրական ծննդաբերությունը:
Եվ միայն մեր մեջ ծնելով այս գիտելիքը՝ հենվելով մեր սեփական փորձի և հիշողության վրա, մենք կարող ենք այն ամբողջացնել՝ զերծ երկիմաստությունից, և թույլ տալ, որ այն դառնա մեր էության կորիզը, այն առանցքը, որի շուրջ կարող է պտտվել լիարժեք և սիրով լեցուն կյանքը: Եվ հենց ինքնաճանաչման այս դժվարին, բայց վեհ ձգտման մեջ է մարդն իսկապես մարդ դառնում:
Ո՛վ ականջ ունի, թո՛ղ լսի։ Ո՛վ աչքեր ունի, թո՛ղ տեսնի։ Ո՛վ միտք ունի, թո՛ղ հասկանա։ Թո՛ղ որոնողն ու մտածողը գիտակցեն։ Եվ թո՛ղ լույսը, բարությունը և էներգիան հավերժ մնան մեր աշխարհում:
Աշխարհի մարդ, բայց հոգով հայ՝ ծառայում եմ մեր Տիրոջն առանց վախի և պահանջի, սիրում եմ իմ շուրջը գտնվող բոլորին և ամեն ինչը, հավերժ սովորող եմ՝ բացահայտելով թե՛ ինձ, թե՛ աշխարհը, միաբան եմ կնոջս՝ Վերոնիկայի հետ, իմաստների մեկնության կաստայի անդամ եմ, մի միասնական տարածության մեջ մարդկանց, նախագծերն ու գաղափարներն ինտեգրող ու կատալիզատոր, կամուրջ, որը կապում է անցյալն ու ապագան, Հայաստանն ու աշխարհը, ապրում եմ խաղաղ ինքս ինձ հետ և բերկրալի գիտակցմամբ, որ ես Տիրոջը հսկայական պարտք ունեմ ՝ պարզապես երջանիկ մարդ լինելու հնարավորության համար։
Ռուբեն՝ Կառլենի որդի»։
Ուղերձի 2-րդ մասը, որտեղ Ռուբենը կիսվում է իր կյանքի աքսիոմներով, կհրապարակվի հաջորդ կիրակի։