Նախապատմություն

Ադրբեջանում մարդու
իրավունքների խախտումները

Հայ բանտարկյալների կալանքի պայմանները խորապես մտահոգիչ են։ Ադրբեջանը չի տրամադրում պատշաճ տեղեկություն նրանց առողջության և կացության վերաբերյալ։ 2024 թվականի ապրիլին Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո նրա ընտանիքը և միջազգային փաստաբանը տեղեկացան, որ նա պահվել է պատժախցում և ենթարկվել խոշտանգմանը հավասարազոր վերաբերմունքի։ Նրան երկու օրից ավելի թույլ չեն տվել ջուր խմել, խցում լույսը միացրած են թողել՝ խանգարելով քնել, ստիպել են կանգնած մնալ երկար ժամանակ։ Հատկապես մտահոգիչ է այն, որ Ռուբեն Վարդանյանին նաև թույլ չեն տվել կապվել իր փաստաբանի հետ ու պահել են արտաքին աշխարհից մեկուսացված կալանքի տակ։

2025 թվականի հունվարից ի վեր Բաքվի ռազմական դատարանը Ռուբեն Վարդանյանի գործով տասնյակ փակ նիստեր է անցկացրել՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքը, որն արգելում է քաղաքացիական անձանց դատել ռազմական դատարաններում։ Գործընթացն ինքնին լի է եղել պատշաճ դատավարության կոպիտ չարաշահումներով. Ռուբեն Վարդանյանը բազմիցս բախվել է իր փաստաբանների հետ կոնֆիդենցիալ շփվելու սահմանափակումների, պաշտպանության միջնորդությունների կամայական մերժման, ընթացակարգային միտումնավոր ձգձգումների, ինչպես նաև՝ դատալեզվաբանական փորձաքննություն անցկացնելու թույլտվություն չտալու հետ կապված խնդիրների, չնայած այն հանգամանքին, որ մեղադրական եզրակացությունը լի է եղել թարգմանչական սխալներով։ Դատարանը նաև վարույթ է ընդունել ավելի քան 100 ենթադրյալ «տուժողի» վկայություններ, որոնք ամբողջությամբ ասեկոսեներ են եղել, բոլոր վկաներն էլ բացահայտ ընդունել են, որ երբեք չեն հանդիպել Ռուբեն Վարդանյանի հետ և չունեն որևէ տեղեկություն, որը կարող է ուղիղ ձևով նրան կապել հասցված ենթադրյալ վնասների հետ։ Բացի այդ, նրանք նաև ասել են, որ Ռուբեն Վարդանյանի ենթադրյալ ներգրավվածության մասին իրենք գիտեն միայն այն, ինչ իրենց ասել է Ադրբեջանի կառավարությունը։

Rectangle-30

2025 թվականի փետրվարին Ռուբեն Վարդանյանը սկսեց երկրորդ հացադուլը՝ այս անգամ ուղղակիորեն բողոքելով իր խոսքով «դատական ֆարսի» դեմ։ Որպես հացադուլի պատճառ՝ նա նշեց Բաքվի ռազմական դատարանում անցկացվող փակ դատավարությունը և դատավարական լայնածավալ չարաշահումները։ Նույնիսկ երբ նրա առողջական վիճակն արագ վատթարացավ, մասնավորապես, երբ նրա արյան ճնշումը հասավ վտանգավոր բարձր մակարդակի, քաշը նվազեց վեց կիլոգրամ, ֆիզիկական թուլությունն էլ դարձավ ակնառու դատարանի դահլիճում,փակ դռների հետևում ընթացող լսումները շարունակվեցին առանց դադարի։ 23 օր անց Ռուբենը դադարեցրեց հացադուլը՝ ընդգծելով և՛ իր աննկուն լինելը, և՛ անարդարությանը նետված խորհրդանշական մարտահրավերը։ Սա սարսափելի իրողություն է, ընտանիքը նրա կրած հոգեբանական և ֆիզիկական վնասի ամբողջ ծավալի մասին տեղեկություն չունի։

Ռուբեն Վարդանյանի նկատմամբ վատ վերաբերմունքը խախտում է Ադրբեջանի պարտավորությունները, որոնք ամրագրված են Խոշտանգումների դեմ կոնվենցիայով, ինչպես նաև՝ Կալանավորների հետ վարվելու նվազագույն չափանիշների վերաբերյալ ՄԱԿ-ի կանոններով (Նելսոն Մանդելայի կանոններ)։ Ռուբեն Վարդանյանը և մյուս հայ բանտարկյալները կալանավորվել են ներպետական և միջազգային իրավունքի, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի (ICCPR) և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ECHR) խախտումներով։ Ցնցող է, որ Ադրբեջանը, որպես այդ պայմանագրերին միացած պետություն, անամոթաբար որոշել է ակնհայտ ձևով խախտել դրանք։

Ցավոք, Ռուբեն Վարդանյանի նկատմամբ սարսափելի վերաբերմունքը զարմանալի չէ։ Ադրբեջանն ունի քաղբանտարկյալների, մասնավորապես՝ էթնիկ հայ կալանավորների կտտանքների փաստագրված պատմություն։ Հաշվի առնելով Ռուբեն Վարդանյանի էթնիկ պատկանելությունը, Լեռնային Ղարաբաղի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյայի իր կարգավիճակը, Լեռնային Ղարաբաղի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի վերաբերմունքի բացահայտ քննադատությունը և Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայության կողմից (որը հայտնի է էթնիկ հայերի կտտանքներով) ձերբակալությունը՝ կա հետագա կտտանքների և վատ վերաբերմունքի անխուսափելի վտանգ։ Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի մարդու իրավունքների այս կոպիտ խախտումները և լիովին հարգի մարդու իրավունքների միջազգային իրավունքի համաձայն իր բոլոր պարտավորությունները։ Այս պայմաններում սա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում և նրանց հայրենադարձում Հայաստան։

erablur (1)