Ռուբեն Վարդանյանի գործը. փաստեր և արդար դատաքննության իրավունքի հիմնական խախտումներ
Ընթացիկ կարգավիճակ․ ԴԱՏԱՎՃԻՌԸ ԿԱՅԱՑՎԵԼ Է
Դատավճռի ամսաթիվ․ 2026 թ. փետրվարի 17
Դատավճիռ. 20 տարի ազատազրկում։ Դատարանի որոշման համաձայն, պատժի առաջին 10 տարին` բանտում, մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմով ուղղիչ հիմնարկում։
Դատավճիռը հրապարակվել է Բաքվի ռազմական դատարանի փակ նիստում։ Դատավճռի ամբողջական տեքստը դատարանում չի ընթերցվել։ Այս փաստաթուղթը կազմելու օրվա դրությամբ Ռուբեն Վարդանյանը և նրա ընտանիքը չեն ստացել դատավճռի պաշտոնական գրավոր պատճենը՝ պատշաճ թարգմանությամբ, ինչը և՛ ադրբեջանական օրենսդրությամբ, և՛ միջազգային չափանիշներով դատավարական իրավունքների ևս մեկ խախտում է։
Նախաբան
Ռուբեն Վարդանյանը քաղաքացիական անձ է, հասարակական գործիչ և բարերար։ Ադրբեջանի իշխանությունները նրան ձերբակալել են 2023 թվականի սեպտեմբերին՝ հազարավոր հայերի հետ Արցախից Հայաստան գալու ժամանակ։ Այդ պահից նա գտնվում է Բաքվում։ Նրա նկատմամբ քրեական հետապնդումն ընթացել է և՛ Ադրբեջանի Հանրապետության ներքին օրենսդրության, և՛ միջազգայնորեն ճանաչված արդար դատավարության չափանիշների մշտական խախտումներով։
Ի սկզբանե դատավարությունը կրել է քաղաքական շարժառիթներով հետապնդման հատկանիշներ։ Մեղադրական եզրակացությունը հիմնված է կեղծված ապացույցների, դատավարական կեղծված փաստաթղթերի և պաշտպանության հիմնարար իրավունքներից համակարգային կերպով զրկելու վրա։
Չնայած դատավարությունը պաշտոնապես որակվել է «բաց», այն ընթացել է միջազգային դիտարկումից փաստացի մեկուսացված պայմաններում․ անկախ դիտորդները բացառվել են, պաշտպանությունը՝ լրջորեն սահմանափակվել։
Ռուբեն Վարդանյանի գործի հիմնական փաստերը
- Ռուբեն Վարդանյանի գործն առանձնացվել է ու քննվել առանձին վարույթի շրջանակում, թեև նա միջնորդել է գործը քննել ընդհանուր վարույթով՝ մյուս հայ բանտարկյալների գործի հետ, բայց դատարանը համատեղ վարույթի մասին միջնորդությունը մերժել է։
- Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է մոտ 42 մեղադրանք, որոնք ներկայացված են 422 հատորում (ավելի քան 105,000 էջ)՝ բացառապես ադրբեջաներենով։
- Գործի նյութերի կամ մեղադրական եզրակացության պատշաճ թարգմանություն չի տրամադրվել։ Նյութերի հետ ծանոթանալու համար տրված ժամանակը՝ մեկուկես ամիսը, ակնհայտորեն եղել է անբավարար։
- Չնայած Ռուբեն Վարդանյանը երբեք չի մասնակցել ռազմական գործողություններին կամ չի զբաղեցրել ռազմական կամ անվտանգությանն առնչվող պաշտոններ, նրա գործը քննել է ռազմական դատարանը, ինչը հակասում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին: 2022 թվականին Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելուց հետո նա զբաղվել է բացառապես մարդասիրական գործունեությամբ՝ հեռու մարտական ցանկացած գոտուց, ինչը հաստատվում է իրականացված նախագծերով և տեղական վկայություններով։
- Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան՝ զրկելով ընտրած փաստաբան ունենալու իրավունքից։
- Լսումները տեղի են ունեցել առանց անկախ միջազգային դիտորդների կամ օտարերկրյա լրագրողների. ներկա են եղել միայն պետության կողմից վերահսկվող ադրբեջանական լրատվամիջոցների ներկայացուցիչները։
1) Մեղադրանքներ, որոնք վերաբերում են այն ժամանակահատվածներին, երբ Ռուբեն Վարդանյանը չէր կարող ներկա գտնվել Լեռնային Ղարաբաղում
Մեղադրական եզրակացությունը Ռուբեն Վարդանյանին է վերագրում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների պատասխանատվությունը՝ սկսած 1988 թվականից։
Հաստատված և փաստաթղթավորված փաստ է, որ՝
- 1985 թվականից Ռուբեն Վարդանյանը Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանող էր՝ առկա կրթական ծրագրով (ոչ հեռակա)։
- Ուսանողական տարիներին նա անընդհատ բնակվել և սովորել է Մոսկվայում։
- Ավարտելուց հետո շարունակել է մասնագիտական կարիերան հակամարտության գոտուց դուրս։
Հետևաբար, մեղադրանքները ներառում են այնպիսի գործողություններ, որոնք Ռուբեն Վարդանյանը ֆիզիկապես չէր կարող կատարել, ինչը վկայում է մեղադրանքների կամայական և անհիմն բնույթի մասին։
Սա հակասում է իրավական որոշակիության (lex certa) և օրենքի գործողության ժամանակի (tempus regit actum) սկզբունքին։ Մեղադրանքները Ռուբեն Վարդանյանին վերագրում են անուղղակի պատասխանատվություն նրա մասնակցությունից 30 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար, ինչը բացահայտ կերպով հակասում է և՛ ներպետական քրեական օրենսդրությանը, և՛ միջազգային քրեական իրավունքին, ըստ որոնց պետք է լինի անհատի գործողությունների և ենթադրյալ քրեական հետևանքների միջև պատճառահետևանքային ուղիղ կապ (nexus causalis)։
2) Վկայի ցուցմունք՝ առանց անձնական տեղեկության կամ ապացուցողական հիմքի
Դատարանի կողմից հարցաքննված «տուժողների» և նրանց ներկայացուցիչների մեծ մասը, որոնք պնդել են, թե Ռուբեն Վարդանյանը ենթադրյալ հանցագործություններ է կատարել 1980-ական, 1990-ական և 2000-ական թվականներին, երբեք անձամբ չեն ճանաչել նրան, և հենց իրենք են նշել, որ երբեք չեն հանդիպել նրան, ու որ նրա մասին իրենց տեղեկությունները հիմնված են բացառապես լրատվամիջոցների և սոցցանցների վրա: Այս համատեքստում ցուցմունքն ածանցյալ է (երկրորդ ձեռքից կամ հրապարակումների հիման վրա) և սկզբունքորեն չի կարող հաստատել մեղադրանքի հիմնական տարրերը, մասնավորապես՝ մեղադրյալի անհատական դերը և նրա գործողությունների ու ենթադրյալ վնասի միջև պատճառահետևանքային կապը: Ցուցմունքները նկարագրում են հակամարտության հետ կապված իրադարձություններ կամ հասցված վնաս, սակայն որևէ ուղիղ վկայություն չկա (օրինակ՝ նրա հետ շփում, նրա հրամաններ, մասնակցություն, հաղորդակցություն կամ փաստաթղթավորված համակարգում), որը կոնկրետ կկապեր այս դրվագները Վարդանյանի հետ։ Ավելին, դատարանը բազմիցս հրաժարվել է դատարան կանչել պաշտպանության կողմի վկաներին, որոնք կարող էին պարզաբանել հանգամանքները և հաստատել պաշտպանության կողմի ներկայացրած փաստերը։ Դրանով դատարանը խաթարել է մեղադրական կողմի վկաների ցուցմունքների գնահատման և՛ ստուգելիությունը, և՛ մրցակցային դատավարության հավասարակշռությունը։
3) Անհամապատասխանություն միջազգային համաձայնագրերի հետ
Ռուբեն Վարդանյանի կալանավորման պաշտոնական հիմքը 2023 թվականի սեպտեմբերի 27-ին նշվել է որպես «սահմանի ապօրինի հատում»։
Այնուամենայնիվ՝
- Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում էր ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ։ Եռակողմ հայտարարությունը սահմանել էր եզակի իրավական կարգավիճակ այս տարածքի համար, որը գտնվում էր ռուսական խաղաղապահ զորքերի հսկողության տակ։ Այս կարգավիճակը բացառում էր սահմանային ռեժիմի սովորական կանոնների կիրառումը։ Կարևոր է, որ Ադրբեջանը ճանաչել է այս իրավական իրավիճակը՝ համաձայնելով, որ Լաչինի միջանցքով եռակողմ հայտարարության պայմաններին համապատասխան տեղաշարժը չի կարող դասակարգվել որպես սահմանի անօրինական հատում։
- Ադրբեջանը երաշխավորել էր քաղաքացիական անձանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների տեղաշարժի անվտանգությունը երկու ուղղություններով։
- 2023 թվականին և՛ Արդարադատության միջազգային դատարանը, և՛ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաստատել են Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի ապահովման անհրաժեշտությունը։
Ուստի մեղադրանքը հիմնված է ենթադրության վրա, որը ինքնին հանդիսանում է միջազգային իրավական տարաձայնությունների առարկա, և որն ունի ինչպես տրամաբանական, այնպես էլ իրավական թերություն։
Մասնակցություն «Հանցավոր կազմակերպությանը». Արցախի պետական ինստիտուտների «հանցավոր կազմավորում» որակումը խախտում է միջազգային իրավունքի նորմերը (ինչպես պայմանագրային, այնպես էլ սովորութային) և նաև հակասում է Կոսովոյի գործով Արդարադատության միջազգային դատարանի խորհրդատվական կարծիքին, որը հստակ սահմանել է, որ «ընդհանուր միջազգային իրավունքը չի պարունակում անկախության հռչակման վերաբերյալ կիրառելի արգելք»։
Մեղադրական եզրակացությունը փաստացի ներկայացնում է հետադարձ քրեականացման մի ձև՝ հետագայում անօրինական ճանաչելով այն քաղաքական կազմավորումը, որը տասնամյակներ շարունակ մասնակցել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո բանակցություններին։ Այս համատեքստում, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման համաձայն՝ հակամարտության կարգավորումը խթանելու համար ստեղծված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Ֆրանսիա, Ռուսաստան և Միացյալ Նահանգներ) պարբերաբար հանդիպել են Արցախի պաշտոնական ներկայացուցիչների՝ այդ թվում՝ նրա նախագահի, պետնախարարի, Ազգային ժողովի նախագահի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ընթացիկ հարցերը և հակամարտության լուծման հնարավոր ուղիները։
Իր պրակտիկայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անվավեր է ճանաչել անկախության որոշ հռչակագրեր, երբ դրանք համարել է միջազգային իրավունքին հակասող (օրինակ՝ Հարավային Ռոդեզիա, Հյուսիսային Կիպրոս, Սերբական Հանրապետություն): Սակայն, Արցախի դեպքում, Անվտանգության խորհուրդը երբեք անվավեր չի ճանաչել Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրը և անուղղակիորեն ճանաչել է դրա իրավաբանական անձը՝ այն տարբերելով Հայաստանի Հանրապետության և/կամ Ադրբեջանի իրավաբանական անձից։
Հիմնական իրադարձությունների ժամանակագրություն
Ռուբեն Վարդանյանի հայտարարությունները և միջազգային արձագանքները
- 2025 թ․ հունվարի 16. Ռուբեն Վարդանյանն ընտանիքի անդամների միջոցով հայտարարել է, որ ձերբակալությունից հետո որևէ ցուցմունք չի տվել.
- որ իր ստորագրությամբ բոլոր արձանագրությունները կեղծված են.
- և որ իր փաստաբանին ու թարգմանչին հարկադրել են ստորագրել դատավարական փաստաթղթեր։
- 2023 թ․ հոկտեմբերի 10-ին ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցի շրջանավարտների համայնքը հրապարակային աջակցություն է հայտնել իրենց մենթոր Ռուբեն Վարդանյանին։ Նախկին ուսանողները կոչ են արել ազատ արձակել հասարակական գործչին, որպեսզի նա կարողանա վերադառնալ իր ընտանիք և վերսկսել կրթական և մարդասիրական գործունեությունը։
- 2023 թ․ դեկտեմբերի 12-ին աշխարհի տարբեր երկրներից ավելի քան 150 մարդասերներ, քաղաքական գործիչներ և ձեռներեցներ ստորագրել են բաց նամակ, որով կոչ են արել ազատ արձակել Արցախի նախկին առաջնորդներին։ Նրանք մտահոգություն են հայտնել ու ահազանգել են կալանավորվածների պահման պայմանների և նրանց վիճակի վերաբերյալ։
- 2024 թ․ ապրիլի 5-24-ը Ռուբեն Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել անօրինական կերպով պահվող հայ կալանավորներին։
- 2024 թ․ դեկտեմբերին Ադրբեջանի դատախազները Քրեական օրենսգրքի 19 հոդվածներով 42 լրացուցիչ մեղադրանք են առաջադրել, որոնց թվում՝ սպանություն, ռազմական հանցագործություններ, ահաբեկչություն, իշխանության զավթում և խոշտանգումներ։
- 2025 թ․ հունվարի 17-ին սկսվեց Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Գործը քննվեց Բաքվի ռազմական դատարանում, չնայած այն հանգամանքին, որ Վարդանյանը քաղաքացիական անձ է և կապ չունի զինված ուժերի, իրավապահ մարմինների կամ հետախուզական ծառայությունների հետ։ Դատավարությունն անցկացրեց Զեյնալ Աղաևի նախագահությամբ երեք դատավորներից բաղկացած կոլեգիան․ դատաքննությունն ընթացավ արցախցի մյուս պաշտոնյաների գործերից առանձին։
- 2025 թ․ հունվարի 17-ին Amnesty International-ը կոչ արեց Ադրբեջանի իշխանություններին ապահովել Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքը։
- 2025 թ․ փետրվարի 19-ին Ռուբեն Վարդանյանը երկրորդ հացադուլը սկսեց՝ որպես, իր որակմամբ, բողոք դատական ֆարսի դեմ։
- 2025 թ․ մարտի 12-ին Եվրոպական խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց հայ կալանավորների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը և կոչ արեց նրանց անհապաղ ազատ արձակել։
- 2025 թ․ սեպտեմբերի 3-ին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն հայտարարեց Ադրբեջանում իր գործունեության դադարեցման մասին։ Այն միջազգային միակ կազմակերպությունն էր, որը շփվում էր Բաքվում գտնվող հայ կալանավորների հետ։
- 2025 թ․ հոկտեմբերի 21-ին Վարդանյանը հրաժարվեց իր փաստաբանից՝ նշելով, որ արդարադատության համակարգային խախտումների համատեքստում պաշտպանությունը մեղադրանքները վիճարկելու իրական հնարավորություն չունի, և որ փաստաբանի դերը սահմանափակվում էր օրինական գործընթացի պատրանք ստեղծելով։
- 2025 թ․ դեկտեմբերի 18-ին դատախազը պահանջեց ցմահ ազատազրկել Ռուբեն Վարդանյանին։
Դատավարական հիմնական խախտումներ
Մեղադրանքների և սեփական իրավունքների մասին տեղեկացված լինելու իրավունքի խախտում
- Ձերբակալման պահին Ռուբեն Վարդանյանին չեն տեղեկացրել դրա պատճառների կամ իր իրավունքների մասին։
- Իր իրավունքների վերաբերյալ ծանուցումները եղել են կամ չստորագրված, կամ նրան չեն տրվել, կամ տրվել են ընթացակարգային թերություններով։
- Նոր հոդվածներով մեղադրանք առաջադրելու որոշումները չեն ուղարկվել օրենքով սահմանված ժամկետում և չեն թարգմանվել։
Արդյունավետ պաշտպանության իրավունքի մերժում
- Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանական թիմի կողմից ներկայացված գրեթե բոլոր միջնորդությունները համակարգված կերպով անտեսվել են։
- Չի ապահովվել նոտարական ծառայությունների, փաստաթղթերի, գործի նյութերի, մասնագիտական գրականության և պաշտպանությունը նախապատրաստելու համար անհրաժեշտ առցանց ռեսուրսների հասանելիություն։
- Մի քանի տասնյակ միջնորդություններ պաշտոնապես «դիտարկվել» են, բայց փաստացի չեն արտացոլվել պաշտոնական արձանագրություններում։
Փաստաթղթերի կեղծում և խեղաթյուրում
- Գործի նյութերը պարունակում են արձանագրություններ, որոնցում բացակայում են մեղադրյալի և նրա պաշտպանի ստորագրությունները։
- Արձանագրվել են դատական նիստերի արձանագրությունների բովանդակության աղավաղումներ։
- Մեղադրական եզրակացությունը չի պարունակում մեղադրանքի կողմի լիազոր ներկայացուցիչների ստորագրությունները։
- Ադրբեջանական դատարանի կողմից տրամադրված թարգմանիչը լուրջ սխալներ է թույլ տվել, այդ թվում՝ սխալ հղումներ կատարելով՝ ադրբեջանական օրենսդրության փոխարեն մեջբերելով Բելառուսի օրենսդրությունը։
Ապօրինի իրավազորություն
- Քաղաքացիական անձի գործը քննում է ռազմական դատարանը՝ խախտելով դատական անկախության միջազգային չափանիշները։
Դատավարության փակ բնույթը
- Միջազգային դիտորդներին և անկախ լրագրողներին թույլ չեն տալիս մուտք գործել դատարանի դահլիճ։
- Պետական լրատվամիջոցները սխալ են ներկայացնում Ռուբեն Վարդանյանի և նրա պաշտպանի հայտարարությունները։
- «Պետական գաղտնիքի» մասին վկայակոչումները օգտագործվում են որպես պատրվակ դատավարությունը միջազգային վերահսկողությունից պաշտպանելու համար։
Մեկուսացման լրացուցիչ գործոններ
- 2025 թ. սեպտեմբերի 3-ին, Ադրբեջանի իշխանությունների խնդրանքով, Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի՝ կալանավորների հետ կապ պահող միջազգային վերջին մեխանիզմի առաքելությունը դադարեցվեց։
- 2025 թ․ հոկտեմբերի 22-ին Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց իր փաստաբանից՝ վկայակոչելով իմաստալից պաշտպանության համար պայմանների բացակայությունը և հրաժարվելով մասնակցել իր որակմամբ «աբսուրդի թատրոնին»։
Եզրակացություն
Հաստատված փաստերի հանրագումարը ցույց է տալիս, որ Ռուբեն Վարդանյանի դեմ քրեական հետապնդումը չի համապատասխանում ո՛չ Ադրբեջանի պետական օրենսդրությանը, ո՛չ էլ արդար դատաքննության միջազգային չափանիշներին։ Նրա գործն ունի քաղաքական շարժառիթներ և ծավալվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ էթնոքաղաքական սուր հակամարտության ֆոնին, որտեղ քրեական հետապնդումը ծառայում է որպես առճակատման շարունակություն և ուժի հրապարակային ցուցադրման գործիք։
Մեղադրանքների ծավալն ու դրանց հետադարձ բնույթը, քաղաքացիական անձի դատավարությունը ռազմական դատարանում անցկացնելը և պաշտպանության իրավունքի համակարգային խախտումները հանգեցնում են այնպիսի դատավարության, որում բացակայում են արդար դատաքննության հիմնարար երաշխիքները։ Այս պայմաններում դատարանի ցանկացած որոշում չի կարող համարվել չեզոք և մրցակցային գործընթացի արդյունք ու պահանջում է միջազգային իրավական ուսումնասիրություն և թափանցիկ արտաքին մոնիթորինգ։
Այժմ, երբ դատական կոլեգիան կայացրել է իր վճիռը, միջազգային ներգրավվածությունն ավելի կարևոր է, քան երբևէ։ Նման հանգամանքներում կայացված դատավճիռը զուրկ է օրինականությունից և ծառայում է հաստատելու մեղադրանքի ու գործի քաղաքական բնույթը։