Բաքվի հայ գերիների համար կիրառել հյուպատոսական հասանելիության մեխանիզմ երրորդ երկրի միջոցով. նամակներ ԱԳՆ-ին և Շվեյցարիայի Համադաշնությանը

Բաքվի հայ գերիների համար կիրառել հյուպատոսական հասանելիության մեխանիզմերրորդ երկրի միջոցով. նամակներ ԱԳՆ-ին և Շվեյցարիայի Համադաշնությանը

Երևան, 4 մարտի, 2025թ. Չորս տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների կողմից այսօր նամակներ հանձնվեցին ՀՀ  արտգործնախարարությանը և ՀՀ-ում Շվեյցարիայի դեսպանությանը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին ուղղված նամակում կոչ է արվում Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի համաձայն,  Բաքվում պահվող հայ գերիների նկատմամբ կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով: “Այս իրավիճակում, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, հասկանալի է, որ միջամտության միջպետական գործիքակազմ, ցավոք, առկա չէ: Այդուհանդերձ, Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան, որի անդամ են հանդիսանում թե՛ Հայաստանի Հանրապետությունը և թե՛ Ադրբեջանի Հանրապետությունը, հնարավորություն է տալիս կիրառել հյուպատոսական հասանելիության ապահովման մեխանիզմ երրորդ երկրների միջոցով, և այդ հնարավորությունից կարողացել են օգտվել նմանատիպ իրավիճակներում հայտնված մի շարք երկրներ:

Խնդրում ենք Ձեզ գործարկել այս մեխանիզմը և դիմել չեզոք երրորդ երկրի, օրինակ, Շվեյցարիայի Համադաշնությանը, լիազորելով Հայաստանի Հանրապետության անունից ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն  բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկականօգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար», – ասված է Արարատ Միրզոյանին ուղղված նամակում:

Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Կարին Քելլեր-Զուտերին հասցեագրված նամակում նշվում է, որ հաշվի առելով Շվեյցարիայի՝ միջազգային մարդասիրական իրավունքի հարգման, ամրապնդման և առաջմղման երկարամյա ավանդույթը, կոչ է արվում  նախագահին ու Շվեյցարիայի  կառավարությանը ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում. «Կոչ ենք անում Ձեզ և Ձեր հարգարժան կառավարությանը ևս մեկ անգամ ստանձնել չեզոք միջնորդի դերակատարում և ապահովել հյուպատոսական ծառայության հասանելիություն բոլոր հայ գերիների ու նաև շտապ բժշկական օգնություն՝ Ռուբեն Վարդանյանի համար»:

«Այսօրվա գլխավոր կոչն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես Ադրբեջանում պատանդառված անձանց քաղաքացիության երկիր, դիմի   Շվեյցարիայի Համադաշնությանը խնդրանքով, որպեսզի վերջինս էլ դիմի Ադրբեջանին՝  մեր պատանդառված անձանց հյուպատոսական ծառայություն մատուցելու համար: Մեր կոչը հիմնված է Վիեննայի կոնվենցիայիվրա, որը թույլ է տալիս  դիվանագիտական հարաբերություններ չունեցող երկրներին օգտվել չեզոք երկրի հյուպատոսական ծառայությունից: Հաշվի առնելով մեր տասնվեց գերիների նկատմամբ ընթացող «դատավարությունը» և Ռուբեն Վարդանյանի հարցադուլը, համարում ենք, որ սա հրատապ միջոց է, որը պետք է կիրառի ՀՀ կառավարությունը»,- ասել է ակցիայի կազմակերպիչ, «Արցախ միություն» ՀԿ նախագահ Արտակ Բեգլարյանը: